Կորեացի բլոգեր Յոնգմին Սքայեսը վավերագրական ֆիլմ է նկարահանել Արցախ կատարած իր ուղևորության մասին, գրում է «Զարթոնք Մեդիան»։
Շուշիով, Ասկերանով և Ստեփանակերտով ճանապարհորդելով՝ բլոգերը փաստագրել է հայկական հետքերը ջնջելու և օկուպացված շրջանը վերափոխելու համակարգված փորձերը։
Ստեփանակերտը տեսնելով՝ բլոգերը նշել է. «Ողբերգություն, տխրություն։ Ուր էլ որ գնաս, դատարկ տներ են», բլոգերի խոսքերն է մեջբերում «Զարթոնք Մեդիան»։
Քաղաք մտնելուն պես նա նկատել է ադրբեջանական պետական խորհրդանիշների զգալի ներկայությունը, այդ թվում՝ դրոշները և փողոցներում հնչող երաժշտությունը։
Բլոգերը նշել է՝ ամենուրեք ավերածություններ են։ Հայկական բազմաթիվ հուշարձաններ ավերվել կամ վերակառուցվել էին։ Միայն «Մենք ենք մեր սարերը» հուշարձանն էր մնացել անվնաս, ինչը բլոգերը համարել է քաղաքական որոշում։
«Սա միակ հայկական խորհրդանիշն է, որը մնացել է կառավարության կամքով։ Չնայած, իրականում, նրանք ցանկանում են, որ հայկական ամեն ինչ անհետանա»,- բլոգերի խոսքերն է փոխանցում «Զարթոնք Մեդիան»։
Նա նաև փաստագրել է ավերված խորհրդարանի շենքերը և կրթական հաստատությունները։ Արցախի նախկին խորհրդարանը փոխարինվել է «Հաղթանակի զբոսայգով», իսկ Արցախի պետական համալսարանը վերակառուցվել է՝ արտացոլելով «նոր ինքնություն»։
Բլոգերը նշել է, որ ամբողջ ճանապարհորդության ընթացքում Ադրբեջանի անվտանգության ծառայությունների կողմից խիստ վերահսկողություն էր։ Կային վայրեր, որտեղ մուտքն արգելված էր, այդ թվում՝ Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին տաճար։ Ամբողջ ճանապարհորդության ընթացքում խմբին ադրբեջանական պատմություններ էին պատմում, անընդհատ շտապում էին, և շատ վայրեր մուտքը սահմանափակված էր։
Բլոգերը նաև դժգոհել է տեղի հյուրանոցների վատ սպասարկումից, որը նրան արժեցել է 2400 դոլար։
Ադրբեջանը 2020-2023 թվականներին վերահսկողություն էր հաստատել Արցախի հայկական տարածքների նկատմամբ։ 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունն ստիպված էր լքել հայրենիքը։
