ՆԳ նախարարը չի բացառել մեղադրանքը խորթ մոր կողմից բռնության ենթարկված երեխայի ընտանիքի այլ անդամների հանդեպ

ՆԳ նախարարը չի բացառել մեղադրանքը խորթ մոր կողմից բռնության ենթարկված երեխայի ընտանիքի այլ անդամների հանդեպ

20 մարտի 2026 – 14:20 AMT

PanARMENIAN.NetԽորթ մոր կողմից բռնության ենթարկված երեխայի սպանության փորձի դեպքով մեղադրանք կարող է առաջադրվել նաև ընտանիքի այլ անդամների, չի բացառել ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում:

«Այս պահին կարգավիճակի հարցն ենք ճշգրտում։ Չեմ բացառում մեղադրանքը՝ կախված այն տվյալներից, որ կստանանք»,- ասել է նա, հայտնում է Aysor.am-ը:

Միաժամանակ նախարարը ընդգծել է, որ բուժկենտրոնից ստացված նախնական հաղորդման համաձայն՝ իրավիճակը ներկայացվել է այնպես, թե «հանցագործության հետ գործ չունենք, երեխան վատ է զգացել, արդյունքում տեղափոխվել է բուժհաստատություն»։

«Անմիջապես ձեռնամուխ ենք եղել օպերատիվ աշխատանքներին, և դրանց արդյունքում հաստատվել է, որ հոր հետ բնակվող կնոջ միջամտությունն առկա է։ Այժմ շարունակվում են Քննչական կոմիտեի հետ համատեղ աշխատանքները։ Խափանման միջոցն ընտրված է, որպեսզի նաև ընտանիքի մյուս անդամների վերաբերյալ իրավիճակին գնահատական տրվի»,- ասել է նա։

Անդրադառնալով այն հարցին, թե որտեղ է եղել համայնքային ոստիկանությունը և ինչու նախապես տեղեկացված չի եղել տվյալ միջավայրի մասին՝ Սարգսյանն ասել է, որ երեխայի պաշտպանության նոր համակարգը ներդրված է այն տրամաբանությամբ, որ առաջին տեղեկատվություն ստացողը չպետք է լինի ոստիկանությունը։

«Ազդակը պետք է գա համայնքից, սոցիալական ծառայողներից։ Վստահ եմ՝ իմ գործընկերները նույնպես դիտարկում են՝ արդյո՞ք եղել է ազդակ, թ՞ ոչ։ Մենք ևս ուսումնասիրում ենք, և եթե որևէ խախտում հայտնաբերվի ոստիկանության աշխատանքի մեջ, արձագանքը չի ուշանա»,-ասել է նա:

1-ամյա երեխայի սպանության փորձի մեջ մեղադրվող խորթ մայրը կալանավորվել է երկու ամսով։ Մեկ տարեկան երկու ամսական երեխան մարտի 16-ին «կլինիկական մահ» ախտորոշմամբ տեղափոխվել է «Արաբկիր» բժշկական կենտրոն։

Գլխավոր դատախազության հաղորդագրությամբ նշվել է, որ «1 տարեկան երեխայի նկատմամբ 2026-ի հունվարի 22-ից մինչև մարտի 10-ը ներառյալ պարբերաբար գործադրված ֆիզիկական ներգործության արդյունքում պատճառված ֆիզիկական ուժեղ ցավի, ինչպես նաև մարտի 15-ին ուղղակի դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու դեպքերով դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել երեխայի հոր երկրորդ կնոջ նկատմամբ»։

Leave a Comment