20 մարտի 2026 – 14:09 AMT
PanARMENIAN.Net – «Yourshop.am», «L’Arôme.am», «Tevosyans Perfume» էջերը շահագործող անձը տուգանվել է հանրահայտ ապրանքային նշանների անվան տակ ոչ օրիգինալ օծանելիք իրացնելու համար, հայտնում է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը:
ԱՁ Տիգրան Թևոսյանի նկատմամբ վարույթը հարուցվել է «Սպառողի օգնական» հարթակի միջոցով քաղաքացիների կողմից ներկայացված մի շարք բողոքների հիման վրա ։
Հանձնաժողովից հայտնել են, որ իրականացված վարույթի քննության արդյունքում պարզվել է, որ նշված անձը իրեն պատկանող «Yourshop.am», «L’Arôme.am», «Tevosyans Perfume» ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերում, ինչպես նաև «Tevosyans Perfume» առևտրի օբյեկտում հանրահայտ ապրանքային նշանների անվան տակ ներկայացվող օծանելիքներ է իրացրել, որոնք չեն հանդիսացել օրիգինալ արտադրանք։
Միաժամանակ արձանագրվել է, որ «L’Arôme.am», «Tevosyans Perfume» ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերում առկա է եղել «Բացառապես օրիգինալ տեսականի» գրառումը։
Հանձնաժողովը տնտեսավարողի այս վարքագիծը գնահատել է որպես անարդար առևտրային գործելակերպ՝ սպառողների շահերը խախտող դրսևորմամբ, և նրա նկատմամբ կիրառել է տուգանք։
Միաժամանակ հանձնարարվել է անհապաղ դադարեցնել ոչ օրիգինալ օծանելիքների իրացումը։