Ռուսաստանը վերադարձել է խորհրդային «բարի ավանդույթներին»




1in.am Սանկտ-Պետերբուրգում հայտնի իշխանամետ բլոգեր Իլյա Ռեմեսլոն հայտնվել է Սկվորցով-Ստեպանովի անվան թիվ երեք հոգեբուժարանում: Այդ մասին հայտնել է «Ֆոնտանկա» առցանց լրատվամիջոցը՝ վկայակոչելով բուժհաստատատության ընդունարանից իրեն հայտնած պաշտոնական տեղեկությունը: Ռեմեսլոյի ճակատագիրը գործընկերներին հետաքրքրել է մարտի 18-ին, երբ նա դադարել է թելեգրամյան ալիքում գրառումներ կատարել, իսկ նրա բջջային հեռախոսան անջատվել է:


 


Իլյա Ռեմեսլոն մարտի 16-ին թելեգրամյան ալիքում գրել է, որ դադարել է հավատալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և այլևս նրան չի աջակցում: Պուտինից հիասթափության գլխավոր պատճատ Ռեմեսլոն նշել է Ուկրաինայի դեմ «աբսուրդի վերածված պատերազմը»: Նա նաև նշել է, որ Պուտինը «նախագահի պաշտոնում չափազանց երկար է պաշտոնավարում, իսկ դա ինքնին քաղաքացիների ազատ ընտրության իրավունքի կոպիտ սահմանափակում» է:


 


Այս բովանդակությամբ գրառումը Ռեմեսլոյի ծանոթների և ընթերցողների շրջանում տարակուսանքի տեղիք է տվել, շատերը մեկնբանություններ են թողել, որ իշխանամետ բլոգերի «էջը կոտրել, նրա անունից Պուտինի դեմ հրապարակում են արել»,-բայց մարտի 17-ին նա երկրորդ գրառումն է կատարել և հաստատել, որ հեղինակն ինքն է, իրոք «խոր հիասթափություն է ապրում» և որոշել է «այսուհետեւ չաջակցել Պուտինի ներքին և արտաքին քաղաքականությանը, քանի որ Ռուսաստանը խոր վերափոխումների և արդիականացման կարիք ունի»:


 


Ըստ երևույթին, այս մեկնաբանությունից հետո Իլյա Ռեմեսլոն «հոգեկան լուրջ խնդիրներ է ունեցել» և նրան տեղափոխել են հոգեբուժարան: Այդպես ընդունված էր ԽՍՀՄ-ում, որտեղ այլախոհները ենթարկվում էին «հարկադիր բուժման»: Դա քաղաքական ընդդիմախոսներին հանրությունից մեկուսացնելու ամենտարածված միջոցն էր, որ կիրառվում էր Մոսկվայում և երկրի մյուս խոշոր քաղաքներում:


 


Պուտինյան Ռուսաստանում, ինչպես ցույց է տալիս Իլյա Ռեմեսլոյի հետ տեղի ունեցածը, վերականգնվում են պետական կառավարման խորհրդային «բարի ավանդույթները», իսկ նրանց հետ՝ նաև «հանրային պարսավանքի եւ դատապարտման» ձևերն ու միջոցները: Անկախ աղբյուրները հայտնել են, որ արդեն մի քանի օր է, Մոսկվայում համացանցը գործում է սահմանափակումներով, պատկան մարմինները կազմում են «սպիտակ կայքերի ցուցակ»: Հանրությանը հասանելի կլինեն արտերկրի միայն այն կայքերը, որ Պուտինին ուկրաինական պատերազմի համար չեն քննադատում:


Leave a Comment