Հայաստանի դատական համակարգը, որոշ դատարանների և առանձին դատավորների գործունեությունը ժամանակ առ ժամանակ հասարակական քննարկման առարկա է դառնում:
Համակարգը կրկին ուշադրության կենտրոնում հայտնվեց հատկապես 2025թ․ հունիսից, երբ նախ կալանավորվեցին Տավուշի թեմի նախկին առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ապա բարերար, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը եկեղեցուն աջակցելու մասին հայտարարությունից անմիջապես հետո: Վերջինս ապա հիմնեց «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, հիմա տնային կալանքի տակ է:
Ավելի քան 8 ամիս է՝ Կարապետյանն ազատազրկված է:
Հայաստանում ներկայումս կա մեկ դատապարտյալ հոգևորական: Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին 2025թ. հոկտեմբերի 3-ին 2 տարվա ազատազրկման դատապարտեց: Սրբազանը մեղադրվում է «իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու համար»: Աջապահյանը չի ընդունել իրեն վերագրված հանցանքը:
2025թ. հունիսի 25-ի լույս 26 գիշերը կալանավորվել է արքեպիսկոպոս Գալստանյանը: Դեռևս շարունակվում է Գալստանյանի և նրա հետ ևս 17 անձանց դատավարությունը: Նրանք մեղադրվում են ահաբեկչության և իշխանության յուրացման փրձի համար:
Տարբեր դատական ատյանների կողմից վարչական հսկողություն և այլ սահմանափակումներ են կիրառվում նաև Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի և Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի նկատմամբ:
ՀՀ սահմանադրության համաձայն` դատարանները հանդիսանում են արդարադատություն իրականացնող անկախ մարմիններ, և նրանց առաջնային նպատակը օրենքի գերակայությունն ու արդար դատաքննություն իրականացնելն է: Armenia Today-ը Երևանում հարցում է անցկացրել՝ հետաքրքրվելով քաղաքացիների գնահատականներից դատական համակարգի վերաբերյալ:
Դատարանների արդար, իշխանությունից անկախ գործունեության մասին հարցվածները տարբեր կարծիք են հայտնել: Նրանցից ոմանց հատկապես վերջին շրջանում ձերբակալություններն ու դատական գործընթացները ստիպում են չվստահել դատական համակարգին:
«Արդարադատություն Հայաստանում չունենք: Դատարանները բացարձակ կախված են իշխանությունից»,- ասել է հարցմանը մասնակցած մի քաղաքացի:
Ոմանք էլ հակառակը` կարծում են, որ ձերբակալությունները, դատական վարույթները արդար են և հավատում են ներկա դատական համակարգին:
«Ես ներկա ամեն ինչին էլ հավատում եմ», – նշել է հարցվածներից մեկը:
Քաղաքացիների մի մասն էլ հակված է հավատալ ոչ թե ընդհանուր դատական համակարգին, այլ կոնկրեետ այս կամ այն դատավորին:
«Ոչ վստահում եմ, ոչ չեմ վստահում. նայած, թե ո՞վ է դատավորը», – այսպես է կարծում մեկ այլ քաղաքացի:
Մանրամասները` տեսանյութում:
