Ցերեկվա լույսի տևողությունն այսօրվանից կաճի, օդի ջերմաստիճանը չի նվազի. Սուրենյան

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան տեսանյութում հայտնել է, որ այսօր՝ մարտի 20-ին՝ գիշերհավասարի օրը, սկսվում է աստղագիտական գարունը: Այսօրվանից մինչև սեպտեմբերի 21-ը ցերեկվա տևողությունը կգերազանցի գիշերվանը։

Սուրենյանը նաև առաջիկա օրերի եղանակային պայմաններին է անդրադարձել՝ նշելով, որ Հայաստանը գտնվում է Միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում:

«Ներկայումս հանրապետության շրջանների մեծ մասում տեղումներ են՝ լեռնային գոտիներում թաց ձյան և ձնախառն անձրևի, իսկ հովտային և նախալեռնային գոտիներում՝ անձրևի տեսքով»,-նշել է նա։

Սուրենյանի խոսքով՝ այս ցիկլոնը Հայաստանի վրա «կպտտվի» մարտի ողջ երրորդ տասնօրյակի ընթացքում՝ ժամանակ առ ժամանակ տեղումներ ապահովելով: Առանձին հատվածներում հնարավոր է նաև գարնան առաջին ամպրոպը: Միևնույն ժամանակ, օդերևութաբանը շեշտել է, որ առաջիկա 10 օրերին օդի ջերմաստիճանի նվազում չի կանխատեսվում:

 

Leave a Comment