Ռուսաստան RT հեռուստաընկերության նկարահանող խումբը մարտի 19-ին Լիբանանի հարավում «իսրայելական օդուժի կողմից հարձակման է ենթարկվել»:
Ըստ տեղեկությունների, հեռուստալրագրող Սթիվ Սուինին և նկարահանող օպերատորը «վիրավորվել են և տեղափոխվել բժշկական հաստատություն, նրանց առողջական վիճակը գնահատվում է կայուն»:
Հայտնի է դարձել, որ իսրայելական ռազմական ինքնաթիռը «հրթիռ է արձակել տեղանքում հայտնված մեքենայի ուղղությամբ, թեև այն ունեցել է «press» երկկողմանի մակնշում»:
Այս առթիվ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարով հայտարարել է, որ Մոսկվայում Իսրայելի արտակարգ և լիազոր դեսպանը «ամենամոտ ապագայում կհրավիրվի ԱԳՆ, որտեղ նրան կներկայացվի միջադեպի մասին մեր պատկերացումը»:
Զախարովայի հայտարարությունից հասկացվում է, որ Ռուսաստանը Իսրայելին մեղադրելու է ռազմական գործողությունների գոտում մասնագիտական գործունեություն իրականացնող լրագրողների անվտանգությունը չապահովելու, ինչպես նաև Լիբանանի հարավում ծավալվող իրադարձությունների չեզոք լուսաբանումը խոչընդոտելու մեջ:
Անցնող շաբաթվա ընթացքում սա արդեն երկրորդ դեպքն է, երբ Իսրայելը Լիբանանում ռուսաստանյան կողմին «անհրամարություն է պահանջում»: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Իսրայելը Բեյրութում ռմբակոծել է «Ռուսական տունը»՝ կասկածելով, որ մարդասիրական ցուցանակի ներքո գործունեություն ծավալող հաստատությունը «Հըզբալա»-ի զինառյալների համար «ծառայում է իբրև թաքստոց»:
Իսրայելի կողմից Գազայում և ԼԻբանանի հարավում ՀԱՄԱՍ-ի և «Հըզբալա»-ի դեմ իրականացվող գործողությունների ընթացքում իսրայելական մամուլը երբեմն «թռուցիկ ակնարկել» է այդ խմբավորումներին ռուսաստանյան արտադրության հրազենք, հակատանկային հրթիռներ և այլ սպառազինություններ մատակարարելու մասին, բայց հարցը երբեք չի հասել Իսրայելում ՌԴ դեսպանին ԱԳՆ հրավիրելուն և բողոքի հայտագիր ներկայացնելուն:
Երևում է, ռուս-իսրայելական հարաբերություններում ի հայտ են եկել ավելի լուրջ խնդիրներ, եթե Մոսկվայում Իսրայելի դեսպանը պետք է հրավիրվի ԱԳՆ: Իսրայելական մի շարք աղբյուրներ հայտնել են, որ նախօրեին Իրանի Բանդեր-Էնզելի նավահանգստում հարձակման են ենթարկվել Ռուսաստանից Իրան ԱԹՍ-եր և տեխնիկական միջոցներ փոխադրող նավերը:
Մինչ այդ ամերիկյան կողմը հաստատել է տեղեկությունը, որ Ռուսաստանը տարածաշրջանում ամերիկյան ռազմահենակայանների, օդանավակայանների և ավիակիրների տեղաշարժի մասին «արբանյակային հետախուզության տվյալներ է փոխանցում Իրանին»:
Բացառված չէ, որ համանման տեղեկություններ Ռուսաստանը Իրանին տրամադրում է նաև Իսրայելի ռազմավարական նշանակության օբյեկտների, օդանավակայանների, ՀՕՊ և հակահրթիռային պաշտպանության միջոցների մասին:
Բանդեր-Էնզելի նավահանգստին Իսրայելի հասցրած հարվածը, երևի, հետախուզության բնագավառում Ռուսաստանի հանդեպ առավելությունը ցուցադրելու իմաստ և նշանակություն ունի նաև:
Ռուսաստանը և Իսրայելը, որ տասնամյակներ շարունակ սառը բարեկամության դիվանագիտական քողի տակ իրականում սուր մրցակցության մեջ են Մերձավոր Արևելքում, Իրանի դեմ պատերազմի հանգամանքով բացահայտվել են որպես առնվազն «հետախուզական պատերազմի» կողմեր: