Ռուսաստանը դեռ չի ձևակերպել իր դիրքորոշումը ԱՄՆ-ի նախաձեռնությամբ ստեղծված «Խաղաղության խորհրդին» մասնակցելու վերաբերյալ, Известия-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այս հարցի վերաբերյալ դիրքորոշումը դեռ ձևավորված չէ»,- Պեսկովի խոսքն է փոխանցում պարբերականը։
«Խաղաղության խորհուրդը» ստեղծվել է հունվարին՝ որպես Գազայի հատվածում հակամարտության կարգավորման ամերիկյան ծրագրի բաղադրիչ։
Նշվում է, որ կանոնադրության հաստատման փուլում ձևաչափը զգալիորեն փոփոխվել է․ փաստաթղթից հանվել է Գազայի ուղիղ հիշատակումը, իսկ խորհրդի առաքելությունը ձևակերպվել է ավելի լայն՝ որպես հակամարտություններից տուժած տարածաշրջաններում կայուն խաղաղության ապահովմանը նպաստող մեխանիզմ։
Պարբերականի տվյալներով՝ մի շարք երկրներ մտահոգություն են հայտնել, որ նախագիծը կարող է դիտվել որպես ՄԱԿ-ի շրջանակներից դուրս այլընտրանքային միջազգային մեխանիզմ ստեղծելու փորձ։
Խաղաղության խորհուրդն ստեղծվել էր հունվարի 22-ին։ Հայաստանն այն 19 երկրներից մեկն էր, որոնք ստորագրել էին խորհրդի հիմնադրման փաստաթուղթը։ Խաղաղության խորհրդի ստեղծման գաղափարը, որը նախաձեռնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, նախատեսում է միջազգային հարթակի ստեղծում Գազայի հակամարտության կարգավորման համար՝ դրա մանդատը այլ ճգնաժամերի վրա ընդլայնելու հնարավորությամբ։ Հայաստանը նույնպես միացել էր խորհրդին։
