«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը
– Պարո՛ն Բադալյան, Նիկոլ Փաշինյանը գործադիրի հերթական նիստից հետո՝ ճեպազրույցի ժամանակ, հայտարարել է, որ «բոլոր ուժերը հանդես են գալիս խաղաղության ռևիզիայի դիրքերից, ինչը նշանակում է անխուսափելի պատերազմ, ընդ որում՝ ընտրություններից շատ չանցած, մաքսիմալ աշնանը»: Ի՞նչ պատերազմի մասին է խոսում Նիկոլ Փաշինյանը, ի՞նչ նպատակով է արվում նման հայտարարություն:
– Նպատակը շատ պարզ է. շանտաժի գնով ապահովել հասարակության մոտ այն տրամադրվածությունը, որ եթե ինքը չլինի, ապա դա կնշանակի, որ չկա նաև խաղաղություն, ու մենք հայտնվելու եք պատերազմի մեջ: Շանտաժից բացի՝ չեմ տեսնում որևէ այլ նպատակ:
– Ստացվում է, որ սեփական հանրությանը շանտաժի՞ է ենթարկում:
– Որքան էլ տարօրինակ է, որ Հայաստանի իշխանությունը պարզապես նախընտրական նպատակով շանտաժի է ենթարկում սեփական հասարակությանը, բայց, ցավոք սրտի, մենք գործ ունենք այդ փաստի հետ: Տարիներ առաջ առավել տարօրինակ կհնչեր, երբ որևէ մեկն ասեր, որ մենք կապրենք մի իրականության մեջ, երբ Արցախը կորցրած կլինենք ու կհրաժարվենք Արցախից: Այդ տարօրինակը հիմա դժբախտաբար իրականություն է, ու այժմ որևէ տարօրինակ բան չկա նրանում, որ Հայաստանի իշխանությունը, իշխանությունը պահելու համար, կարող է շանտաժի ենթարկել Հայաստանի հանրությանը: Սրանով ոչ միայն լուծում է նախընտրական ինչ-որ հարցեր, այլև, ըստ էության, դրանով նաև լեգիտիմացնում է Հայաստանին շանտաժի տակ պահելու Ադրբեջանի քաղաքականությունը:
– Իսկ նման հիմքեր կա՞ն առհասարակ, որ իշխանությունը այդ խոսույթը գեներացնում է:
– Եթե առերևույթ գնահատենք, ապա տեսնում ենք, որ ոչ մի ընդդիմադիր ուժ, որն առավելևս հավակնում է իշխանության, ոչ միայն չի խոսում խաղաղության դեմ, այլև հակառակը՝ խոսում է այն մասին, որ խաղաղությունը պետք է լինի առաջնահերթ, ու ընդամենը քննարկում են այն, որ խաղաղության այդ ռեժիմը պետք է ենթադրի Հայաստանի առավել մրցունակ ու առավել կենսունակ լինել, որ խաղաղությունը լինի առավել երաշխավորված, սրա վերաբերյալ է քննարկումը: Նիկոլ Փաշինյանը փաստացի նենգափոխում է այս խոսակցությունը ու բերում այն դաշտ, որ սա խոսակցություն է խաղաղության ու պատերազմի մասին:
Եթե անգամ դիտարկենք իրավիճակը նրա դիրքից, ապա ստացվում է, որ Հայաստանն ընդհանրապես իրավունք չունի քննարկելու այն խաղաղությունը, որը մեզ պարտադրել է Ադրբեջանը: Որովհետև այն խաղաղությունը, որ Նիկոլ Փաշինյանը կառուցում է, կառուցում է գերազանցապես Ադրբեջանի պայմանները ընդունելով: Հիմա, փաստացի ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է՝ եթե Հայաստանը քննարկի մի բան, որը դուրս է Ադրբեջանի պատկերացրածից, դա նշանակում է պատերազմի առիթ: Այսինքն՝ մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը, բացի իր նախընտրական խնդիրները լուծելուց, Հայաստանի համար էկզիստենցիալ իմաստով ինչ վտանգավոր խոսույթ է բերում հանրային դաշտ ու հանրային մտածողության ինչ վտանգավոր ուղենիշներ է ձևավորում:
– Պարո՛ն Բադալյան, հանրության վրա ազդեցություն ունենալո՞ւ է Փաշինյանի այդ խոսույթը:
– Որ հանրության մի մասի վրա դա ազդեցություն ունենում է, ես կարող եմ իմ անձնական շփումներից ելնելով ասել, բայց հույս ունեմ, որ դա հանրության մեծամասնությունը չէ, ու մարդիկ կարողանում են ռացիոնալ գնահատել իրավիճակը և հասկանալ հետևյալը, որ Հայաստանում չկա ընդդիմադիր ուժ, որն առաջ է մղում պատերազմահենք խոսույթ ու պատերազմահենք ուղենիշներ, և երկրորդը՝ պատերազմի և խաղաղության հարցը Կովկասում Փաշինյանով չէ, որ լուծվել է կամ լուծվում է: Այս տեսանկյունից, ինչպես մի շարք այլ տարածաշրջաններում, այդպես էլ Կովկասում այդ հարցը լուծվում է աշխարհաքաղաքական գործոններից ելնելով՝ Հայաստանի ու Ադրբեջանի քաղաքական կամքից դուրս:
– Որքան ընտրությունները մոտենան, իշխանություններն այդքան ավելացնելո՞ւ են շանտաժի չափը:
– Ամենայն հավանականությամբ՝ այո՛, որովհետև ուրիշ քարոզչական առանցք պաշտոնական Երևանը չունի: Իհարկե ներկայացնում են ասֆալտը, դպրոցները, մանկապարտեզները, բայց իրենք էլ են հասկանում, որ դրանք իրենց ծավալով ու որակով այն չեն, որ մեծ տպավորություն ու ազդեցություն թողնեն հասարակության վրա: Իսկ այստեղ արդեն մնում է աշխատել այդ հոգեբանական շանտաժի ուղղությամբ, այսինքն՝ ամենազգայուն տեղից բռնել: Իհարկե, որքան մոտենա ընտրությունը, Հայաստանի իշխանությունը ավելի շատ է փորձելու սեղմել հասարակության զգայուն տեղը: Նիկոլ Փաշինյանի համար սա զուտ նախընտրական հարց չէ, նա բերել է մի իրավիճակի, երբ ունեցել ենք Արցախի կորուստ, ունեցել ենք Հայաստանի տարածքների զիջում Ադրբեջանի միակողմանի պահանջով, ունեցել ենք Ադրբեջանի պայմաններով ճանապարհի տրամադրում դե յուրե ԱՄՆ-ին, դե ֆակտո Ադրբեջանի ցանկացած տրամաբանությամբ, ու դեռ կան բոլորիս հայտնի մի շարք պահանջներ Ադրբեջանի կողմից, որ Հայաստանը պետք է կատարի:
Նիկոլ Փաշինյանն այս ակնհայտ զիջումների պարագայում ունի մեկ «բացատրություն»՝ այս ամենն արել եմ խաղաղության համար ու այդ ամենն արել եմ Հայաստանի ինքնիշխանությունը այդ խաղաղության միջոցով պահելու համար: Նրա ամբողջ ջանքը միտված է հասարակության մեջ այս մտածողական հեղափոխությունն անելու, որպեսզի Արցախի կորուստը, այդ զիջումներն Ադրբեջանին դիտվեն ոչ թե պարտություն ու նահանջ, այլ՝ խաղաղության ու ինքնիշխանության ձեռքբերման միջոց: Սա Փաշինյանի համար ոչ միայն նախընտրական խնդիր է, այլև իր քաղաքական դիրքը ամրապնդելու կամ դա հնարավորինս երկարաձգելու էկզիստենցիալ խնդիր:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am