Եվրամիությունը Հայաստանին կտրամադրի լրացուցիչ 140 միլիոն եվրոյի ֆինանսական աջակցություն, որը կուղղվի ենթակառուցվածքների զարգացմանը և վիզաների ազատականացման գործընթացի առաջխաղացմանը: Այս մասին Երևանում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ համատեղ հայտարարության ժամանակ ասել է Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը:
«Սրանք կարևոր են ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման շուրջ ակտիվ երկխոսության փուլում, ինչը վկայում է մեր հարաբերությունների խորության մասին», – նշել է Կոսը:
ԵՄ հանձնակատարը շեշտել է՝ Բրյուսելը պատրաստ է աջակցել պաշտոնական Երևանին ընտրություններին ընդառաջ:
«Եվրոպան այստեղ է՝ աջակցելու ՀՀ-ին, որպեսզի Հայաստանի քաղաքացիները կարողանան ազատ ու արդար պայմաններում քվեարկել և ինքնուրույն որոշել իրենց երկրի ապագան», – ասել է եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան:
Կոսն անդրադարձել է նաև տարածաշրջանային կապերի զարգացմանը՝ նշելով, որ հյուսիսում և հարավում ընթացող պատերազմների պայմաններում Հարավային Կովկասով անցնող առևտրային ուղիները դառնում են առավել կարևոր: Նա տեղեկացրել է, որ 2022 թվականից ի վեր այս ուղղությամբ բեռնափոխադրումների ծավալը քառապատկվել է:
«Սահմանային անցակետերի բացումը, կամուրջները և ճանապարհների բացումը կարող է միավորել ինչպես մարդկանց, այնպես էլ նվազեցնել հակամարտության ռիսկը: Եվրոպան իր պատմությունից գիտի, թե դա ինչքան կարևոր է», – ընդգծել է նա՝ ողջունելով Երևանի և Բաքվի ջանքերը խաղաղության ու կայունության ուղղությամբ:
Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Հայաստանի կառավարության պաշտոնական դիմումի հիման վրա Եվրամիությունը որոշում էր կայացրել երկիր ուղարկել հիբրիդային արագ արձագանքման խումբ։ Խումբը Հայաստան կժամանի ապրիլի սկզբին. առաքելության կազմում կընդգրկվեն 9-ից 14 փորձագետներ, որոնք երկրում կանցկացնեն 10-15 օր։
