«Դաժան ծեծի ենթարկված մեկամյա երեխայի առողջական վիճակն այսօրվա դրությամբ, ցավոք, գնահատվում է ծայրահեղ ծանր»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով մարտի 16-ին Արարատի մարզում տեղի ունեցած արտառոց դեպքին:
«Կլինիկական մահից և վերակենդանացման միջոցառումներից հետո պահպանվում է խոր կոմատոզ վիճակ՝ գլխուղեղի ծանր ախտահարմամբ։
Բժշկական անձնակազմն անում է հնարավոր ամեն ինչ»,- գրել է Ավանեսյանը:
Ինչպես հայտնել էինք, մարտի 16-ին՝ կեսգիշերից անց, «կլինիկական մահ» ախտորոշմամբ Արարատի մարզից Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել 1,2 տարեկան տղա երեխա։ Նրա սրտի աշխատանքը վերականգնվել է, սակայն վիճակը շարունակում է մնալ ծանր:
Երեխան հոսպիտալացվել էր ծեծի հետևանքով։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել էր երեխայի խորթ մայրը: