ԵՄ-ն լրացուցիչ 140 մլն եվրոյի աջակցություն կտրամադրի Հայաստանին «Դիմակայունության և աճի» ծրագրի շրջանակում

Այս համաձայնագրով ամրագրվել են հավակնոտ միջոցառումներ, հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը

ԵՄ-ն լրացուցիչ 140 մլն եվրոյի աջակցություն կտրամադրի Հայաստանին «Դիմակայունության և աճի» ծրագրի շրջանակում


ԵՐԵՎԱՆ, 19 մարտի․/ԱՌԿԱ/․ Հայաստանն ու ԵՄ-ն ստորագրել են «Դիմակայունության և աճի» ծրագրի վերաբերյալ 2025-2027 թվականների ֆինանսական համաձայնագիրը, հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:


«Այս համաձայնագրով ամրագրվել են հավակնոտ միջոցառումներ, մասնավորապես՝ արտահանման դիվերսիֆիկացմանը, վիզաների ազատականացմանը և հանրային ֆինանսների կառավարմանն առնչվող կարևորագույն ոլորտներում», – նշել է Գրիգորյանը հինգշաբթի Երևանում ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ համատեղ հայտարարությունների ժամանակ:


Նրա խոսքով՝ հատուկ ուշադրություն է դարձվել տարածաշրջանային կապակցվածության հարցերին, և այդ համատեքստում պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքները կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության, «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարօրության» (TRIPP) նախագծի և ԵՄ միջտարածաշրջանային փոխկապակցվածության, մասնավորապես՝ «Global Gates» ռազմավարության իրականացման ուղղություններով։


«Ողջունելի է, որ հանձնակատարը վերահաստատել է ԵՄ աջակցությունը Անդրկասպյան տրանսպորտային ուղուն Հայաստանի ինտեգրմանը», – ասել է Գրիգորյանը:


Կոսն իր հերթին հայտարարել է, որ ֆինանսական համաձայնագիրը ստորագրվել է 140 միլիոն եվրո գումարի չափով:

Leave a Comment