19 մարտի 2026 – 17:10 AMT
PanARMENIAN.Net – «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանին առնչվող քրեական վարույթը նախատեսվում է կարճել, որի մասին նա իրազեկվել է։ Այս մասին հայտնել է Քննչական կոմիտեն, տեղեկացնում է Արմենպրեսը:
Նշվում է, որ ԶԼՄ-ներում տարածվող տեղեկատվությունը, թե քրեական վարույթը նախաձեռնվել է 422-րդ հոդվածի հիմքով, այն է՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը, չի համապատասխանում իրականությանը:
«ՀՀ քննչական կոմիտեում 2025 թվականի հունվարի 10-ին ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը) հատկանիշներով: 2026 թվականի մարտի 17-ին վարույթով պարզաբանման ենթակա հանգամանքների շուրջ հարցաքննության, ինչպես նաև վերջինիս քրեադատավարական իրավունքներն ապահովելու համար՝ 2026 թվականի մարտի 4-ին ստացված փորձաքննության եզրակացությանը ծանոթացնելու և վարույթով եզրափակիչ ակտ կայացնելու վերաբերյալ վերջինիս դիրքորոշումը հստակեցնելու նպատակով Արմինե Օհանյանը վկայի դատավարական կարգավիճակով հրավիրվել է Քննչական կոմիտե: Նախատեսվում է քրեական վարույթը կարճել, որի մասին Արմինե Օհանյանը պատշաճ իրազեկվել է։
Տարածվում է հետևյալ մանիպուլատիվ պնդումը, թե ինչու է անձը հիմա հրավիրվել հարցաքննության, եթե վարույթը նախաձեռնվել է 2025 թվականին՝ սա կապելով տարբեր գործընթացների հետ: Անձը Քննչական կոմիտե է հրավիրվել փորձաքննության եզրակացությունը ստանալուց հետո: Այսինքն, առանց փորձաքննության եզրակացության հնարավոր չէ կանխորոշել վարույթի ելքը: Ուստի, նման պնդումներն անհիմն են և իրավական գիտելիքներից զուրկ»,- նշել են կոմիտեից։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցում, անդրադառնալով Օհանյանին ՔԿ հրավիրելու և «Հրապարակի» դեմ հայցադիմում ներկայացնելուն, ասել է, թե աղմուկ-աղաղակ է, որ մարդկանց ձերբակալում են, պարզվում է մարդուն հրավիրել են, տեղեկացնեն, որ գործը կարճվել է:
«Հետո, ասում են՝ քաղհայցով դիմել է դատարան: Այսինք, կարծո՞ւմ եք, որ որևէ լրատվամիջոց կարող է գրել, ակնարկել, որ վարչապետն աշխատակցի հետ իր սենյակում ինտիմ հարաբերություններով է զբաղված, և մնա անարձագանք, ձե՞ռ եք առնում: Օրինական բոլոր ձևերով կստիպեմ, որ դրա հետևանքները կրի, ով ուզում է լինի»,-ասել է Փաշինյանը:
Արմինե Օհանյանը, անդրադառնալով քրեական վարույթին և վարչապետի հայտարարություններին, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այսօրվա հայտարարությամբ Փաշինյանն ապացուցեց, որ հենց «ինքն է հրահանգավորում քննչական մարմիններին, քանի որ պարզվեց՝ իրավունք ունի չավարտված վարույթի մասին նախաքննական տեղեկություններ ստանալ»:
Ըստ Օհանյանի՝ «շատ խնդալու է, երբ «օդից կախված լուրեր» արտահայտության հիմնադիր-հեղինակը, որի կինը հեռացել է իրենից, խոսում է նման լուրեր հրապարակելու անթույլատրելիության եւ ընտանիքի ինստիտուտի հանդեպ հարգանքի մասին»:
«Խոսում է քաղհայցի մասին, որով ինքը դիմել է ընդդեմ «Հրապարակի»՝ պատվի, արժանապատվության ոտնահարման հետ կապված, որվհետեւ, պարզվում է՝ ոչ մեկն իրավունք չունի իրեն հարցեր տալ (Դավաճանո՞ւմ է արդյոք կնոջը Նիկոլ Փաշինյանը) և իրավունք չունենք նաև «օդից կախված լուրերի» իսկությունը ստուգել, քանի որ ինքը՝ «հարգում է վարչապետի ինստիտուտը» և ով ուզում է լինի՝ «պետք է պատասխան տա»։ Իսկ, կներեք, Հայ առաքելական եկեղեցին ինստիտուտ չի՞ եւ հարգանքի արժանի չի՞։ Կամ՝ իրավապահ համակարգը ինստիտուտ չի՞ և կարելի է վարչապետի պաշտոնը զբաղեցնելով ինչ ասես գրել սրբազանների հասցեին (դոմփել-մոմփելուց, մինչև մանկապղծության մեջ մեղադրանքներ) և պատասխան չտալ։ Իսկ, կներեք՝ խոսքի ազատությունը, մամուլի ազատությունը ինստիտուտ չի՞, որ մի հատ պոդքաստի համար մարդկանց եք նստացնում, մի հատ քոմենթի համար 5 երեխայի մորն եք կալանավորում, կամ՝ քրեական վարույթ եք հարուցում խմբագրի նկատմամբ և այդ վարույթն այնքան անհիմն է, որ անգամ ձեր ենթակա իրավապահները չեն կարողանում մեղադրանք առաջադրել՝ ստիպված են լինում կարճել»,-գրել է նա:
Օհանյանը նաև տեղեկացրել է, որ ստացել են նաև Փաշինյանի քաղհայցով վճիռը։
«Դատավորը, կարելի է ասել, սողոմոնյան որոշում է կայացրել՝ բավարարել է Փաշինյանի հայցի հերքման պահանջը (որ պաշտոնը չկորցնի), եւ մերժել է պահանջի նյութական մասն՝ ամբողջությամբ։ Բայց դա էլ ենք բողոքարկելու, որովհետեւ անգամ այս վճռից երեւում է, որ զրպարտության մասին խոսք լինել չի կարող նշված հրապարակման մեջ եւ հայցը մասնակիորեն բավարարվել է բացառապես այն պատճառով, որ հայցվորը վարչապետի աթոռն է զբաղեցնում․․․»,- գրել է Օհանյանը։