Կառավարության մարտի 19-ի նիստում ընդունվել է որոշում, որով Երևանի Նորք–Մարաշ վարչական շրջանի Հովսեփյան փողոցում գտնվող շուրջ 7,000 քմ մակերեսով հողամասը ամրացվել է Շրջակա միջավայրի նախարարությանը և անորոշ ժամկետով տրամադրվել «Հայանտառ» ՊՈԱԿ-ին։
Այս հողամասը պետությանը վերադարձվել է դատական կարգով՝ Գլխավոր դատախազության հայցի հիման վրա։ Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ անվավեր է ճանաչվել դեռևս 2005 թվականին կնքված առուվաճառքի պայմանագիրը։ Հողամասի կադաստրային արժեքը կազմում է շուրջ 417 մլն դրամ։
Ընդհանուր առմամբ, հեռուստաաշտարակի հարակից տարածքներում արդեն ամրացվել է շուրջ 7.5 հեկտար մակերեսով վեց հողամաս՝ մոտ 3.38 մլրդ դրամ կադաստրային արժեքով։
Նշել եմ, որ ներկայում միջազգային գործընկերների հետ ակտիվ աշխատանք ենք իրականացնում՝ դոնորներ ներգրավելու նպատակով, որպեսզի Նորքի նշված հողատարածքը վերածենք անտառային պուրակի։ Սա կարևոր նախաձեռնություն է ոչ միայն մայրաքաղաքի կանաչ ֆոնդի ավելացման, այլև հանրային օգտագործման նոր որակյալ միջավայր ձևավորելու տեսանկյունից։
Միաժամանակ ընդգծել եմ, որ վերջին շրջանում հետևողականորեն վերականգնում ենք հանրային շահը և պետության իրավունքները տարիներ առաջ մասնավորին տրամադրված անտառային և բնապահպանական նշանակության տարածքների նկատմամբ։
Շրջակա միջավայրի նախարարության, Գլխավոր դատախազության, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ գերատեսչությունների սերտ համագործակցության արդյունքում միայն 2025 թվականի ընթացքում պետությանն է վերադարձվել ավելի քան 13,000 հեկտար ընդհանուր մակերեսով բնապահպանական և անտառային հողեր։
Մասնավորից վերադարձվել և «Խոսրովի անտառ» պետական արգելոցին է միացվել 5330 հա տարածք։
Այս աշխատանքները շարունակական են և ուղղված են Հայաստանի բնական ռեսուրսների պահպանությանը, վերականգնմանը և արդյունավետ կառավարմանը՝ ի շահ հանրության և ապագա սերունդների։
