ԱՄՆ հետախուզական համայնքը մատնանշել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի խոչընդոտները

ԱՄՆ հետախուզական համայնքի 2026 թվականի տարեկան զեկույցում նշվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի ճանապարհին շարունակում են պահպանվել լուրջ խոչընդոտներ, մասնավորապես՝ տարաձայնությունները Հայաստանի Սահմանադրության փոփոխության շուրջ։

Փաստաթղթում նշվում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է պնդել, որ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը և հանի այն դրույթը, որը, նրա պնդմամբ, կարող է մեկնաբանվել որպես տարածքային պահանջ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։

Զեկույցի հեղինակների գնահատմամբ՝ դրա համար Հայաստանում անհրաժեշտ կլինի սահմանադրական հանրաքվե, որի արդյունքը երաշխավորված չէ։ Նշվում է, որ հենց այս հարցը մնում է վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրման հիմնական խոչընդոտներից մեկը։

Միաժամանակ զեկույցում ընդգծվում է, որ օգոստոսի 8-ին ԱՄՆ միջնորդությամբ անցկացված խաղաղության գագաթնաժողովը հնարավորություն է ստեղծել երկարաժամկետ համաձայնության հասնելու համար և նպաստել է տարածաշրջանում լարվածության նվազմանը։

Զեկույցում նշվում է, որ գագաթնաժողովից հետո կողմերը ցուցաբերում են բանակցային գործընթացը շարունակելու պատրաստակամություն։ Հրադադարի խախտումները զգալիորեն նվազել են, իսկ 2025 թվականի հոկտեմբերին Բաքուն հանել է Հայաստանի համար բեռների տարանցման սահմանափակումները, ինչից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխան քայլեր է ձեռնարկել։ Նշել են, որ այնուհետ Ադրբեջանը սկսել է վառելիքի մատակարարումներ և թույլատրել է հացահատիկի տարանցումը Հայաստան։

Փաստաթղթում նաև նշվում է, որ Հարավային Կովկասը շարունակում է մնալ ռազմավարական նշանակության տարածաշրջան՝ էներգետիկ ռեսուրսների, տրանսպորտային միջանցքների և ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու Չինաստանի միջև ազդեցության մրցակցության պատճառով։ ԱՄՆ հետախուզության գնահատմամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորումը կարող է ընդլայնել տնտեսական հնարավորությունները և հեշտացնել տարածաշրջանում ենթակառուցվածքային ու ներդրումային ծրագրերի իրականացումը։

Ադրբեջանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման պետք է լինի Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը և դրանից երկրի Անկախության հռչակագրին հղում կատարելը:

Փաշինյանն էլ իր հերթին Հայաստանի անկախության հռչակագիրն անվանել է «կոնֆլիկտային» դրույթ։  2025 թվականի նոյեմբերին նա հայտարարել էր, որ Հայաստանի նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեն անհրաժեշտ է անցկացնել 2026-ի խորհրդարանական ընտրություններից հետո։ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Երևանը չի ընդունում Ադրբեջանի՝ ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություն անելու Ադրբեջանի պայմանը։

Leave a Comment