Ավիացիոն ոլորտում ապահովագրական պահանջները կվերանայվեն՝ ըստ ԵՄ չափանիշների

Ավիացիոն ոլորտում ապահովագրական պահանջները կվերանայվեն՝ ըստ ԵՄ չափանիշների

19 մարտի 2026 – 10:32 AMT

PanARMENIAN.NetԱվիացիոն ոլորտում ապահովագրական պահանջները վերանայվում են՝ նպատակ ունենալով դրանք համապատասխանեցնել միջազգային չափանիշներին։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Օդային փոխադրումներ իրականացնողների եւ օդանավ շահագործողների համար ուղեւորների, թռիչքային եւ սպասարկող անձնակազմի, ուղեբեռի, բեռի եւ երրորդ անձանց նկատմամբ պատասխանատվության ապահովագրության նվազագույն պահանջների սահմանման մասին» օրենքի նախագիծը:

2021 թ․ ԵՄ-ն ու ՀՀ-ն ստորագրել են «Ընդհանուր ավիացիոն գոտու մասին» համաձայնագիր, որով սահմանվել են բարձր պահանջներ ավիացիոն անվտանգության, անվտանգային համակարգերի և օդային երթևեկության կառավարման ոլորտներում։ Համաձայն այս փաստաթղթի՝ Հայաստանը պարտավորվել է շարունակաբար համապատասխանեցնել իր օրենսդրությունը ԵՄ ավիացիոն կանոնակարգերին և չափանիշներին՝ ընդգրկելով այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են ավիացիոն անվտանգությունը, օդային երթևեկության կառավարումը, շրջակա միջավայրը, տնտեսական կարգավորումները և մրցակցությունը, հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը:

Նախագծով նախատեսվում է պատասխանատվության ապահովագրության նվազագույն ծածկույթը համապատասխանեցնել այն փոփոխություններին, որոնք ընդունվել են Եվրոպական միության և Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կողմից 2024 թվականին։

Նախաձեռնությամբ նաև սահմանվել են պատասխանատվության միջոցները, կատարման ապահովման հիմքերը և վեճերի կարգավորման ընթացակարգերը։

Նախագիծը ստացել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը։

Leave a Comment