Միրզոյանը և Օմանի ներդրումային մարմնի ղեկավարը քննարկել են համագործակցության հեռանկարները

Միրզոյանը և Օմանի ներդրումային մարմնի ղեկավարը քննարկել են համագործակցության հեռանկարները

19 մարտի 2026 – 10:34 AMT

PanARMENIAN.Net – Մասկատում գտնվող արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Օմանի ներդրումային մարմնի նախագահ Աբդ Ալ-Սալամ բին Մուհամմադ Ալ-Մուրշիդը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները։

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Օմանի միջև ակտիվ զարգացող քաղաքական երկխոսությունը և տարբեր ուղղություններով համագործակցության խորացման պատրաստակամությունը, ինչը կարող է նպաստել նաև ներդրումային փոխգործակցության խթանմանը։

Այս համատեքստում շեշտվել է ներդրումների խրախուսմամբ զբաղվող կառույցների միջև ուղիղ կապերի հաստատման կարևորությունը, այդ թվում՝ ՀՀ կողմից «Էնթերփրայզ Արմենիա», առևտրի պալատների և գործարար շրջանակների ներգրավմամբ, ինչպես նաև ընդգծվել է Մասկատում ՀՀ ռեզիդենտ դեսպանության դերը՝ կոնկրետ հնարավորությունների բացահայտման գործում։

Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության կողմից իրականացվող քայլերը, որոնք միտված են ներդրումային միջավայրի բարելավմանը, բիզնեսի խթանմանը և օտարերկրյա ներդրումների ներգրավման համար նպաստավոր պայմանների ձևավորմանը։

Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը և Աբդ Ալ-Սալամ բին Մուհամմադ Ալ-Մուրշիդին անդրադարձել են նաև մարդկանց միջև կապերի ակտիվացմանը, Հայաստանի և Օմանի մայրաքաղաքների միջև ուղիղ ավիաչվերթների գործարկման հնարավորությանը, ինչպես նաև մշակույթի և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարներին։

Օման պաշտոնական այցի շրջանակներում մարտի 17-ին Մասկատում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Օմանի Սուլթանության ԱԳ նախարար Բադր բին Համադ բին Համուդ Ալ-Բուսաիդիի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Օմանի միջև համագործակցության զարգացման հարցերի լայն շրջանակ։

Leave a Comment