19 մարտի 2026 – 10:41 AMT
PanARMENIAN.Net – Արցախցիներն իրենց անհաջողությունները, կամ ժամանակավոր ձեռքբերումները դիտարկում են որպես անցողիկ փուլ, որովհետև նպատակը չի փոխվել և չի փոխվելու` վերադարձ Արցախ, հայտարարել է Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում:
Նա հավելել է, որ «արցախցին երբեք չի քվեարկելու իր հայրենիքը հանձնածի օգտին»:
«Մեր հանդիպումները արցախցիների հետ այնքան են անհանգստացրել նիկոլներին, որ նրանք չբավարարվեցին միայն իրենց արբանյակներով (ցավոք սրտի, Արցախում ծնված, բայց հուդայացած) սոցցանցերում մեր վրա կազմակերպված հարձակումներով։ Ավելին՝ մի քանի «նորահայտ հուդաներ» էլ հայթայթեցին, դահլիճ բերեցին ու հերթական շոուն բեմադրեցին։
Բեմադրություն, որի թեման, որքան էլ փորձեն թաքցնել, հենց այն խնդիրներն էին, որոնք մենք բարձրաձայնում ենք մեր հանդիպումների արդյունքում։ Բայց ամենակարևորը բաց թողեցին։ Մեր բոլոր հանդիպումների միջով կարմիր թելով անցնում է մեկ ճշմարտություն՝ մենք մեր թե՛ անհաջողությունները, թե՛ ժամանակավոր ձեռքբերումները դիտարկում ենք որպես անցողիկ փուլ, որովհետև մեր նպատակը չի փոխվել և չի փոխվելու․ վերադարձ Արցախ։
Նողկալի է լսել, երբ Արցախը հանձնածը, մեր քաջորդիներին գիտակցաբար զոհ դարձրածը թեք ժպիտով խոսում է «մեկ հայրենիքի» մասին։ Նողկալի է, երբ պարտության ճարտարապետը փորձում է մեզ հայրենասիրություն սովորեցնել։ Նա չի ճանաչում իրական արցախցուն։ Չի հասկանում նրա տեսակը։ Արցախցին հպարտ է։ Արժանապատիվ է։ Հայրենիքը հենց ինքն է, իր լինելիությունն է։
Նա աշխատում է, կերտում է, չի կոտրվում, նույնիսկ երբ ամեն ինչ խլել են նրանից։ Եվ ամենակարևորը՝ ոչ մի բեմադրություն, ոչ մի շոու, ոչ մի կեղծ օրակարգ չի կարող կորզել արցախցու վստահությունը։ Որովհետև արցախցին չի մոռանում։ Արցախցին չի ներում։
Եվ արցախցին երբեք չի քվեարկելու իր հայրենիքը հանձնածի օգտին։
Հ. Գ. Մենք սիրել և սիրում ենք Հայաստանի Հանրապետությունը, այն միշտ եղել է և կա մեր հայրենիքը, բայց մենք երբեք չենք դադարելու պայքարել հանուն արդարության, հանուն մեր բաժին հայրենիք՝ Արցախ վերադառնալու համար…»։
Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Հարձակման հետևանքով զոհվել է 223 մարդ, այդ թվում՝ 20 քաղաքացիական անձ, որոնցից 6-ը եղել են անչափահաս։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ էր մնացել, որոնցից 11-ը ևս վերադարձել են ՀՀ, 1-ը՝ մահացել է, 1-ը՝ կալանավորվել։