Իրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի էներգետիկ օբյեկտներին՝ իր գազի խոշոր հանքավայրին հարվածից հետո

Իրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի էներգետիկ օբյեկտներին՝ իր գազի խոշոր հանքավայրին հարվածից հետո

19 մարտի 2026 – 10:58 AMT

PanARMENIAN.Net – Մարտի 18-ին Իրանի իշխանությունները հայտարարել են, որ հարված է հասցվել Հարավային Փարս գազի հանքավայրին։ Սա դարձել է առաջին հարվածը Իրանի էներգետիկ ենթակառուցվածքին ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի սկսվելուց հետո, և, ինչպես նշել է Financial Times-ը, այն կարող է հանգեցնել հակամարտության լուրջ սրման։

Իրանի պաշտոնյաները հայտնել են, որ Հարավային Փարսում նավթաքիմիական համալիրի չորս հատված վնասվել է և ժամանակավորապես դադարեցրել աշխատանքը, սակայն վնասների ամբողջական ծավալը դեռևս պարզ չէ։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) Հարավային Փարսում տեղի ունեցած հարվածից հետո սպառնացել է հարվածներ հասցնել Պարսից ծոցի այլ երկրների նավթագազային օբյեկտներին։ ԻՀՊԿ-ն նշել է կոնկրետ թիրախներ Սաուդյան Արաբիայում, ԱՄԷ-ում և Քաթարում՝ հայտարարելով, որ առաջիկա ժամերին կարող է հարձակվել դրանց վրա, գրում է Meduza-ն:

Հարվածը Հարավային Փարսին դատապարտել է նաև Քաթարը, որը տնօրինում է հանքավայրի հյուսիսային հատվածը։

«Իսրայելի հարվածները Հարավային Փարսի հետ կապված օբյեկտներին վտանգավոր և անպատասխանատու են տարածաշրջանում ռազմական սրման ֆոնին։ Մենք կրկին պնդում ենք կենսական նշանակություն ունեցող օբյեկտների վրա հարվածներ թույլ չտալու անհրաժեշտությունը», — հայտարարել է Քաթարի ԱԳՆ խոսնակ Մաջեդ ալ-Անսարին։

Financial Times-ի տվյալներով՝ Հարավային Փարսի վրա հարձակումը նաև առաջացրել է նավթի և գազի գների 5-6% աճ։

Փարսը համարվում է աշխարհի ամենախոշոր գազային հանքավայրը, որը տեղակայված է Պարսից ծոցում։ Դրա մի հատվածը՝ Հարավային Փարսը, պատկանում է Իրանին, իսկ մյուսը՝ North Field-ը, Քաթարին։ Հարավային Փարսը ապահովում է Իրանում ներքին սպառման համար նախատեսված գազի մեծ մասը, ինչպես նաև վճռորոշ դեր է ունի էլեկտրաէներգիայի արտադրության մեջ, քանի որ երկրի հիմնական վառելիքային աղբյուրը բնական գազն է։

Մինչդեռ ԱՄՆ-ն հերքել է Իրանի նավթային օբյեկտների վրա հարվածներին իր ներգրավվածությունը՝ ըստ լրատվամիջոցների տարածած տեղեկությունների։

Անանուն ամերիկացի պաշտոնյան CNN հեռուստաալիքին տված մեկնաբանությունում նշել է, որ ԱՄՆ-ն չէ Իրանի «Հարավային Փարս» հանքավայրի և Ասալույե շրջանի նավթարդյունաբերական օբյեկտների վրա հարձակումների հետևում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Ամերիկացի պաշտոնյան հերքում է, որ երկիրը հարձակվել է Իրանի գազային հանքավայրերի վրա, փոխարենը նա ասում է, որ հարձակումներն իրականացվել են Իսրայելի կողմից», – նշվել է հեռուստաալիքի հաղորդագրությունում։

Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին արձագանքել է ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի մահվանը՝ նշելով, որ սպանության պատասխանատուները չեն խուսափելու պատժից։ Նրա ուղերձը հրապարակվել է Telegram-ի պաշտոնական ալիքում։

«Յուրաքանչյուր արյան համար արյամբ են վճարում, նահատակների հանցավոր սպանողները շուտով պետք է հատուցեն», – նշված է Խամենեիի ուղերձում, որը հրապարակվել է նրա Telegram-յան ալիքում։

Իսրայելը մարտի 17-ին հայտնել է, որ Լարիջանին սպանվել է Թեհրանում իրականացված հարվածի ընթացքում, ինչպես նաև զոհվել է «Բասիջ» կամավորական ուժերի հրամանատար Գուլյամրեզա Սոլեյմանին։

ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել են հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, այդ թվում՝ Թեհրանին, հաղորդվել է ավերածությունների և խաղաղ բնակիչների զոհերի մասին։ Իրանը պատասխան հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքի տարածաշրջանում տեղակայված ԱՄՆ ռազմական օբյեկտներին։

Leave a Comment