ԱՄՆ Հակաահաբեկչական ազգային կենտրոնի նախկին տնօրեն Ջո Քենթը, ով օրերս սկանդալային կերպով հրաժարական տվեց իր պաշտոնից, Թաքեր Կառլսոնի հետ հարցազրույցում խիստ քննադատության է ենթարկել Իրանի դեմ սկսված պատերազմը։ Քենթը պնդել է, որ Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել։
Ըստ Քենթի՝ որոշումը կայացվել է ոչ թե ռազմավարական անհրաժեշտությունից, այլ արտաքին ճնշումների ներքո։ Նա մասնավորապես նշել է.
«Իրանը մեր ազգի համար որևէ անմիջական սպառնալիք չէր ներկայացնում։ Ակնհայտ է, որ մենք սկսել ենք այս պատերազմը Իսրայելի և նրա հզոր ամերիկյան լոբբիի ճնշման պատճառով»։
Նախկին պաշտոնյան նաև հավելել է, որ Սպիտակ տանը բանավեճերը սահմանափակ են եղել, և շատ փորձագետների պարզապես թույլ չեն տվել նախագահին ներկայացնել իրական պատկերը։
«Այս վերջին տարբերակին նախորդող ժամանակահատվածում հիմնական որոշում կայացնողների մեծ մասին թույլ չի տրվել գալ և իրենց կարծիքը հայտնել նախագահին», – ասել է Քենթը, նշելով, որ անցյալ տարի Իրանի միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի հարվածներից առաջ լուրջ բանավեճ է եղել։
