Bloomberg-ի տեղեկություններով՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նամակով դիմել է արտերկրում ամերիկյան «տասնյակ դեսպանատների և գլխավոր հյուպատոսությունների և խնդիր դրել, որպեսզի նրանք բոլոր ջանքերը կենտրոնացնեն՝ ձևավորելու Հորմուզի նեղուցի հարցով հակաիրանական կոալիցիա»:
Նույն աղբյուրին հայտնի է դարձել, որ ՆԱՏՕ-ի անդամ միակ երկիրը, որ Հորմուզի նեղուցի ապաշրջափակմանը մասնակցելու մտադրություն էր հայտնել, Մեծ Բրիտանիան է, բայց Լոնդոնը «հետ է կանչել համաձայնությունը»:
Անցած երկուշաբթի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի հարցում «ոչ մի երկրի օգնության կարիքը չունի»: Երկու օր հետո Միացյալ Նահանգների նախագահի աշխատակազմի տնտեսական հարցերով խորհրդական Քևին Հասեթը լրագրողներին ասել է, որ Հորմուզի նեղուցը շրջափակելու Իրանի «փորձերը ԱՄՆ տնտեսության վրա բացասական ազդեցություն չեն գործել»:
Սպիտակ տան պաշտոնյան նաև հավաստիացրել է, որ Հորմուզի նեղուցում «նավագնացությունը վերականգնվել» է:
Bloomberg-ը ԱՄՆ նախագահի աշխատակազմի պաշտոնյային հեգնել է և ասել, որ «նեղուցը երկու ուղղությամբ հատում են միայն այն նավերը, որ ստանում են իրանական կողմի թույլտվությունը» և բերել վերջին օրվա օրինակը, երբ պակիստանյան Karachi լցանավին թույլատրվել է հատել Հորմուզի նեղուցը և շարունակել նավագնացությունը:
Արևմտյան փորձագետները սրված ուշադրություն են դրսևորել Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի՝ «Ալ-Ջազերա»-ին հարցազրույցի այն շեշտադրմանը, որ հակամարտության համապարփակ կարգավորումը «պետք է ենթադրի նաև Հորմուզի նեղուցում նավագնացության նոր կարգավորում»:
Ծովային այդ երթուղով իրականացվում է նավթի համաշխարհային առևտրի ավելի քան քսան տոկոսը: Իրանի արտգործնախարարն, ըստ երևույթին, նկատի ունի այն, որ հետկոնֆլիկտային պայմաններում Իրանը պետք է այդ ապրանքաշրջանառությունից իր մասնաբաժինն ունենա:
Բացառված չէ, իհարկե, որ Արաղչին ակնարկել է Հորմուզի նեղուցի նկատմամբ Իրանի իրավազորությունը միջազգայնորեն ճանաչելու անհրաժեշտության մասին: Հորմուզի նեղուցի հյուսիսային առափնյակը պատկանում է Իրանին, հարավայինը՝ Արաբական միացյալ էմիրություններին և Օմանին: Իրանը, կարծես, փորձում է օգտագործել աշխարհագրական դիրքը և հասնել համաշխարհային նավագնացության համար մեծ կարևորություն ներկայացնող նավագնացության նկատմամբ միջազգայնորեն ճանաչված ազդեցության:
Չնայած իրողությանը, որ Իրանը և Պարսից ծոցի արաբական երկրները «Իսլամական համագործակցության կազմակերպության» անդամ են, նրանց միջև հարաբերությունները երբեք նույնիսկ գործընկերային չեն եղել:
Իսրայելա-ամերիկյան հարձակումից հետո Իրանը թիրախավորել է այդ երկրների տարածքում ամերիկյան ռազմահենակայանները, ինչպես նաև էներգետիկ ենթակառուցվածքները: Թեհրանը պաշտոնապես պահանջել է, որպեսզի նրանք իրենց տարածքից հեռացնեն ամերիկյան ռազմահենակայանները:
Մյուս կողմից Միացյալ Նահանգները պահանջում է, որ Պարսից ծոցի արաբական երկրները միանան Իրանի դեմ պատերազմին, բայց առայժմ՝ անհաջող:
Առաջիկա օրերին Միացյալ Նահանգները կարող է դիմել Հորմուզի նեղուցի ապաշրջափակման գործողությունների: Այդ դեպքում Պարսից ծոցի արաբական երկրները Իրանի կողմից կենթարկվեն նոր հարձակումների:
Իրանը հայտարարել է, որ գործի կդնի զինանոցում առկա «գերժամանակակից բալիստիկ հրթիռները»: Եթե իրադարձությունները զարգանան լարվածության խորացման և ընդլայնման սցենարով, ապա Մերձավոր Արևելքում ճգնաժամը կհասնի բարձրակետին:
Բոլոր նախանշանները վկայում են, որ Իրանը վա-բանկ է գնում: