Լարիջանիի սպանությունից հետո Իրանի նկատմամբ մարտավարական փոփոխություն է լինելու. Պետրոսյան

Լարիջանիի սպանությունից հետո Իրանի նկատմամբ մարտավարական փոփոխություն է լինելու. Պետրոսյան

Երեկ Իսրայելի պաշտպանական բանակը հայտարարեց Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին սպանելու մասին։ Գիշերը Իրանը պաշտոնապես հաստատեց, որ իսրայելա-ամերիկյան հարձակման ժամանակ սպանվել է Լարիջանին ու նրա որդին։

Թեմայի շուրջ Radar Armenia-ն զրուցել է տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի հետ։

-Ալի Լարիջանիի սպանությունն ի՞նչ հետևանք կունենա, եթե հաշվի առնենք նրա դերն ու ազդեցությունը Իրանի իշխանության ներսում։

-Իսրայելը և ԱՄՆ-ն իրենց իսկ որդեգրած մարտավարության շրջանակում են գործում, որի նպատակն է շարքից դուրս թողնել Իրանում իշխող վարչակարգի առանցքային դեմքերին։ Եվ նույն տրամաբանությունը, փաստորեն, աշխատել է հակամարտության առաջին իսկ օրվանից, երբ հարված իրականացվեց հոգևոր առաջնորդի նստավայրի դեմ։ Ու դրանից հետո նկատում ենք, որ տարբեր պաշտոնյաներ են շարքից հանվել, և նույն տրամաբանության մեջ էլ, բնականաբար, այս դեպքում՝ Լարիջանին, որը երկրի փաստացի ղեկավարն էր մինչև նոր առաջնորդը ամբողջովին կստանձներ լիազորությունները։ Իրենք շատ մեծ դերակատարում են ունեցել։ Իմ գնահատմամբ առաջիկայում հարձակվող կողմի գործողություններում նկատվելու է մարտավարական փոփոխություն, այսինքն՝ իրենք նվազեցնելու են ռազմական գործողությունների ինտենսիվությունը։ Նրանք թույլ են տալու, որպեսզի իրանական հասարակության շրջանում դժգոհ զանգվածները սկսեն բողոքի գործողություններ՝ ուղղված իշխանության զավթմանը, որը տեղի է ունենալու Նովրուզից հետո։

– Իսկ ինչո՞ւ։

-Քանի որ փորձում են հնարավորինս չեզոքացնել այն կառույցները, որոնք մեծ դերակատարում են ունեցել ցույցերի ցրման գործում, և հնարավորություն են ստեղծում, որպեսզի արդեն իրանական հասարակության դժգոհ շերտերը ակտիվանան։ Որպես նշվածի ապացույց կարող եմ մեջբերել նաև Իսրայելի վարչապետի և մյուս կարևոր պաշտոնյաների պարբերաբար հնչող կոչերը՝ ուղղված իրանական հասարակությանը, որպեսզի նրանք ակտիվանան և դուրս գան փողոց իշխանությունը վերցնելու համար, քանի որ Իսրայելը և ԱՄՆ-ն ցամաքային գործողություններ իրականացնելու նպատակներ այս պահին չունեն։

-Արտգործնախարար Աբաս Արաղչին՝ անդրադառնալով Ալի Լարիջանիի սպանությանը, նշել է, որ պետական համակարգը կախված չէ կոնկրետ առաջնորդներից։ Արդյո՞ք չենք կարող ասել, որ նման հայտարարությունը միայն իրականությունը ծածկելու համար է՝ ցույց տալով, որ երկիրը չի թուլանում։

-Ո՛չ, որովհետև իրանական կողմի պատասխան ռազմավարությունն էլ այն է, որ համակարգն ի սկզբանե հենց այդպես էլ գործել։ Այսինքն՝ համակարգը այնքան կայուն է և ուժեղ ու ամուր է նրա դիրքերը, որ նրա բնականոն գործունեությունը անձերով պայմանավորված չէ։ Դա է պատճառը, որ երբ հոգևոր առաջնորդը սպանվեց, դրանից հետո միանգամից Սահմանադրության հիման վրա ստեղծվել է ժամանակավոր առաջնորդության խորհուրդը, դրանից հետո ընտրվել է նոր հոգևոր առաջնորդը։ Եվ ներկայումս էլ, թե՛ «Բասիջի» դեպքում, որը չափազանց կարևոր ազդեցություն ունի ներքին պրոցեսների վրա, և թե՛ Ալի Լարիջանիի, որը փաստացի ղեկավարում էր երկիրը, այս երկու դեպքերի սպանության դեպքում էլ համակարգի բնականոն գործունեությունը չի խաթարվել։ Իրենք դուրս եկած պաշտոնյաների դեպքում ունեցել են պատրաստի կադրեր, և շատ արագ այդ փոխարինումները եղել են։

-Թրամփը հայտարարել էր, որ պատերազմը շուտով կավարտվի՝ ընդգծելով նույնիսկ՝ այս շաբաթ։ Իրատեսական համարու՞մ եք ավարտի մասին նրա հայտարարությունը։

-Այս պահին այնքան էլ իրատեսական չեմ համարում, գուցե դա հոգեբանական ճնշում գործադրելու միջոցը կամ հակառակը՝ խաղաքարտերը խախտելու, քանի որ առանցքային նպատակները դեռևս լուծված չեն ո՛չ ԱՄՆ-ի, ո՛չ Իրանի կողմից։ Գուցե այդ հայտարարությունը զուգահեռ է եղել Լարիջանի դեմ գործողությամբ պայմանավորված՝ նպատակով ունենալով քայքայել համակարգը ներսում։ Բայց այս պահին մարտավարական փոփոխությունը շատ ավելի կանխատեսելի է, որ ակտիվ գործողությունները կթուլանան, իսկ հիմնական գործողությունները կենտրոնանան ներքաղաքական հետագա գործընթացների վրա։

Լիլիթ Աբրահամյան

Leave a Comment