Ուժեղ և երկարատև խաղաղության միակ երաշխիքը ուժեղ Հայաստան ունենալն է․ Նարեկ Կարապետյան

Ուժեղ և երկարատև խաղաղության միակ երաշխիքը ուժեղ Հայաստան ունենալն է, «Ուժեղ խաղաղություն» անվտանգության ծրագրի շնորհանդեսի ժամանակ հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։ 

Նրա խոսքով՝ հունիսից ՀՀ-ում տեղի ունեցող ընտրություններից հետո Սամվել Կարապետյանն ստանձնելու է երկրի կառավարման պատասխանատվությունը ըստ բոլոր անկախ հարցումների, ըստ մարդկանցից ստացած հազարավոր ազդակների։ 

Տնտեսական և անվտանգային ծրագրեր

«Մեծ աշխատանք ունենք կատարելու, վերականգնելու այն վնասը, որը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հասցրել է երկրի տնտեսությանն ու անվտանգությանը։ Նախորդ 3 ամիսներին անդադար աշխատել ենք, որպեսզի ներկայացնենք մեր տնտեսական և անվտանգային ծրագրերը»,- ընդգծել է նա։ 

Ըստ Նարեկ Կարապետյանի՝ տնտեսական ծրագրում տեղ գտած յուրաքանչյուր հանձնառություն երաշխավորվում է Սամվել Կարապետյանի կողմից։ 

«Դրանք նախընտրական խոստումներ չեն, մեր ժողովուրդը չի սիրում խոստում բառը։ Դրանք հստակ տնտեսական քայլեր են, որոնք կկիրառվեն Կարապետյանի վարչապետ դառնալուց հետո։ Սա կօգնի բարձրացնել մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացու կենսամակարդակը, ինչն էլ կօգնի կասեցնել մարզերի բնակչության նվազումը, վերակենդանացնել աղքատության մեջ գտնվող մեր համայնքները և նոր խթան հաղորդել մեր մայրաքաղաքին»․- ասել է նա։ 

Հզոր տնտեսությունը՝ խաղաղության ամուր հիմք

Նարեկ Կարապետյանը վստահություն է հայտնել, որ հզոր տնտեսությունն է այն ամուր հիմքը, որի վրա կարելի է կառուցել ուժեղ և երկարատև խաղաղություն։ 

«Ավելի հզոր տնտեսությունը նշանակում է ավելի մեծ միջոցներ, որոնք կարող են ուղղվել պաշտպանության ամենաժամանակակից կարողությունների և սպառազինության զարգացմանը, ուղղվել բանակին։ Սամվել Կարապետյանի վարչապետությամբ ՀՀ-ն կընդլայնի իր ռազմավարական, տնտեսական կապերը, իսկ միջազգային կապերը նոր ներդրումներ կբերեն Հայաստան՝ աշխարհի տարբեր ծայրերից»,- ասել է Կարապետյանը։ 

Նրա խոսքով՝ այսօր և՛ արևելքը, և՛ արևմուտքը շահագրգռված են Չինաստանից Եվրոպա տանող անվտանգ ճանապարհով և, պատմականորեն, այդ ճանապարհն անցել է Հայաստանի միջով, այսօր էլ է անցնում: Ըստ Կարապետյանի՝ սա մի հնարավորություն է, որից կարող է օգտվել միայն Սամվել Կարապետյանի նման ուժեղ առաջնորդը:

«Թույլ Փաշինյանի պայմաններում Հայաստանը պարզապես կհամաձայնի այնպիսի տնտեսական հարաբերությունների, որոնցում հիմնականում շահելու է մյուս կողմը, ինչպես, օրինակ, Ադրբեջանից բենզինի ներմուծման դեպքում էր, երբ մեր քաղաքացիները դեռ պատանդի կարգավիճակում պահվում էին նրանց բանտերում»,- ասել է Նարեկ Կարապետյանը:

«Ուժեղ Հայաստան» ստեղծելու ճանապարհին

Նա շնորհակալություն է հայտնել դահլիճում ներկա բազմաթիվ հերոսներից, ովքեր խիզախորեն մարտնչել են մեր հայրենիքի պաշտպանության համար:

«Ցավոք, նրանք դարձան թույլ Փաշինյանի ղեկավարության զոհը: Հայաստանը պարտվեց պատերազմում՝ թույլ ղեկավարության պատճառով: Այսօր մենք պատմական հնարավորություն ունենք փոխելու այդ իրողությունը: Նրանք փորձել են կանգնեցնել մեզ անցյալում, կփորձեն կանգնեցնել մեզ ապագայում, դա էլ չի հաջողվի: Ո՞վ կարող է կանգնեցնել ձեր կամքը, ստեղծել ուժեղ Հայաստան: Այստեղ ներկա են մարդիկ, ում Ադրբեջանը չի կարողացել կանգնեցնել: Փաշինյանը հաստատ չի կարողանա»,- ասել է նա:

Ըստ Նարեկ Կարապետյանի՝ փոխարինելով ներկայիս ղեկավարությանը, որը կարող է առաջարկել միայն ժամանակավոր խաղաղություն, Սամվել Կարապետյանի ուժեղ ղեկավարությունը երաշխավորում է ուժեղ և երկարատև խաղաղություն, երաշխավորված խաղաղություն:

«Մեր անվտանգության ծրագիրը հիմնված է վեց խոստումների վրա: Ինչպես տնտեսական ծրագրի դեպքում, այնպես էլ անվտանգության ծրագրի դեպքում սա նախընտրական խոստում չէ, սա հստակ ծրագիր է, որը Սամվել Կարապետյանը կսկսի իրականացնել իր վարչապետ դառնալուց հետո՝ հենց առաջին օրվանից»,- ասել է նա։ 

Կարապետյանը հավելել է, որ մարդիկ հոգնել են թույլ առաջնորդից և հուսահատորեն ուժեղ առաջնորդ են փնտրում: Նարեկ Կարապետյանն ընդգծել է, որ մարդկանց ավելի քան 80%-ը, ըստ հարցումների, վախենում է, որ թույլ կառավարությունը Հայաստանի համար կստեղծի նոր մարտահրավերներ և կրկին կարող է հարձակման ենթարկվել:

«Փաշինյանն արդեն երեք պատերազմ է պարտվել: Եվ մենք պետք է կանգնեցնենք նրան, մինչ իր թուլությամբ նոր պատերազմ չհրահրի։ Ուժեղ և երկարատև խաղաղության միակ երաշխիքը ուժեղ Հայաստան ունենալն է: Եկեք բոլորս համախմբվենք ուժեղ առաջնորդի շուրջ: Եկեք մտնենք յուրաքանչյուր գյուղ, քաղաք և մարդկանց ասենք, որ իրական, ուժեղ առաջնորդը գալիս է ղեկավարելու: Եկեք ամեն օր աշխատենք մեծ հաղթանակի համար, բոլորիս հաղթանակի համար, պատմական հաղթանակի համար, որ մեզ հնարավորություն կտա արագ իրականացնել այն փոփոխությունները, որոնց կարիքն ունի Հայաստանը»,- հավելել է նա։ 

Leave a Comment