Պապոյան․ ԵՄ գործընկերները ՀՀ-ում են, որ մեր ինքնիշխանությանը վնասող որևէ գործողություն չհասնի հաջողության

Պապոյան․ ԵՄ գործընկերները ՀՀ-ում են, որ մեր ինքնիշխանությանը վնասող որևէ գործողություն չհասնի հաջողության

18 մարտի 2026 – 15:53 AMT

PanARMENIAN.NetԵՄ գործընկերներն այստեղ են, որպեսզի մեր անկախությանը, ինքնիշխանությանը, խաղաղությանը վնասող որևէ գործողություն չհասնի հաջողության, հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով ԵՄ արագ արձագանքման խումբ հրավիրելու որոշմանը:

«Եթե կշեռքի նժարին դրված է Հայաստանի անկախությո՞ւնը, թե լինել-չլինելու հարցը, Հայաստանում կլինի պատերա՞զմ, թե խաղաղություն, Հայաստանը կլինի կիսաանկախ վասա՞լ, ֆորպո՞ստ, թե նորմալ պետություն, ՀՀ քաղաքացիները Հայաստանո՞ւմ կապրեն, կարարեն, թե կգնան ուրիշ երկրների ուրիշ տարածքներում ուրիշ երկրների համար պատերազմական գործողությունների կմասնակցեն, այդ պարագայում, կարծում եմ՝ այդ նամակը ոչ միայն տրամաբանական է, այլև պարտադիր»,- ասել է նա, հայտնում է 1lurer.am-ը:

Լրագրողների հարցին, թե ով է վտանգում Հայաստանի անկախությունը, նախարարը պատասխանել է, որ այդ վտանգը կարող է բխել այն ուժերից, որոնց շահերի կենտրոնը Հայաստանը չէ։

«Բոլոր այն ուժերը, որոնք օտարերկրյա հպատակ են, իրենց շահերի կենտրոնը ՀՀ-ն չէ, ՀՀ քաղաքացիները չեն՝ կամ իրենք ՀՀ քաղաքացի չեն, կա՛մ իրենց երեխաները ՀՀ-ում չեն ծնվել և այլն»,- նշել է նա։

Պապոյանը նաև անդրադարձել է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ հիշեցնելով, որ նրա թոռները ծնվել են ԱՄՆ-ում։

«Մենակ ասում եք՝ Քոչարյա՛ն, Քոչարյա՛ն: Քոչարյանը 10 տարի նախագահ է եղել, իր նախագահ լինելուց անմիջապես հետո թոռները Ամերիկայում են ծնվել: Եթե այդքան լավ երկիր էր սարքել կամ լավ երկիր սարքող էր, ինչո՞ւ էին թոռներն Ամերիկայում ծնվում, որ դառնային Ամերիկայի քաղաքացի»,- ասել է նախարարը։

Ավելի վաղ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել էր, որ Հայաստանի խնդրանքով Եվրամիությունը նախատեսում է տեղակայել հատուկ արագ արձագանքման խումբ՝ երկրի ընտրություններից առաջ հիբրիդային սպառնալիքներին հակազդելու նպատակով։

Leave a Comment