Իհարկե, դժվար է ապրել 140 հազար դրամով, բայց 100-ով ավելի վատ է, իսկ 16 հազար դրամով շատ ավելի վատ էր ապրել, 9 տարի առաջ նվազագույն կենսաթոշակը 16 հազար դրամ էր։ Այս մասին, այսօր՝ մարտի 18–ին, ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք մարդը կարող է ապրել 140 հազար դրամով։
«Եթե ինձ հարցնեք, ես կուզեմ շատ բարձր լինի թոշակները, իսկ որպեսզի շատ բարձր լինի, պիտի տնտեսական աճը 7.2% լինի, մի հատ էլ 7.2%, մի հատ էլ 7.2, իսկ այդ 7.2-ն էլ որպեսզի լինի, բաժնի պետը, օրինակ, էկոնոմիկայի նախարարության կամ վարչության պետը, չպիտի ստանա 200 000 դրամ։ 200 000 դրամ ստացող պաշտոնյան չի կարող այնպես անել, որ մեր տատիկի թոակն ամեն տարի ավելանա 10.000 դրամով։
Եթե ստանում են 400.000 դրամ, ապա լավ են աշխատում, պրոֆեսիոնալ մասնագետներ են հավաքվում, արդյունքները լավն են լինում։ 667 հազար մարդու համար 10000 դրամ կենսաթոշակ բարձրացնելը արժի 75 միլիարդ դրամ, և եթե այդ 75 միլիարդ դրամի համար պետք է օրինակ 5000 մարդու մեկ միլիարդ դրամի պարգևատրում տալ, դա պետք է անել։
Եթե ես իմանամ մի հատ էլ մեկ միլիարդ տանք 5000 մարդու, օրինակ մի հատ էլ 75 միլիարդ կստեղծվի, հաստատ ես կառաջարկեմ ու որ քաղաքական ուժերը դա առաջարկեն, մեր ժողովուրդը կգնա իրենց կքվեարկի»,–ասաց նա։