Իրանի շուրջ հակամարտության երկարաձգումը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի տնտեսության վրա: Այս մասին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
Նախարարը հույս է հայտնել, որ Իրանի շուրջ ռազմական զարգացումները կարճատև կլինեն, ինչի դեպքում տնտեսական վնասները նվազագույն կլինեն։
«Վնասներ արդեն իսկ կան․ որոշ ապրանքների գների աճով նկատվում են գնաճային ռիսկեր։ Բացի այդ, որոշ արտադրությունների համար Հայաստանը հումք է ներմուծում Իրանից, և այս դեպքում ևս հնարավոր են գնաճային ռիսկեր»,– նշել է նա։
Պապոյանը ընդգծել է, որ Իրանի հետ առկա է զգալի առևտրաշրջանառություն՝ ներմուծում և արտահանում, և հակամարտության ձգձգումը կարող է երկարաժամկետ բացասաբար ազդել տնտեսության վրա։
Միաժամանակ նա հավելել է, որ քաղաքական մակարդակով հնչող հայտարարությունները հույս են ներշնչում, թե մոտ ապագայում կոնֆլիկտը կարող է ավարտվել, և այդ դեպքում մեծ բացասական սպասումներ չեն լինի։