Այս պահին ներկայացված Սահմանադրության տեքստում ներածությունը չկա առհասարակ, իսկ Անկախության հռչակագրին հղումը ներածության մեջ է: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով հարցին, որ Անկախության հռչակագրի հատվածը Սահմանադրության նոր տեքստից հանվել է:
«Թող տպավորություն չստեղծվի, որ խուսափում ենք ներկայացնել, թե ինչ է այս պահին ամփոփված ներածության շրջանակներում: Ուղղակի ես միշտ մի բան եմ նշում. Սահմանադրության տեքստը՝ նախագծի տեսքով, լինելու է հրապարակային, այդ թվում՝ հրապարակային է լինելու ներածությունը, և հանրությունը կարողանալու է տեսնել, թե ինչ է այնտեղ գրված։ Կորոշվի…
Հիմա վարչությունում և խմբակցությունում են քննարկումները շարունակվում: Սահմանադրությունը պարզ օրինագիծ չէ. դա մեր պետության իրավական հիմքն է, և մեկ քննարկումով, վստահաբար, չենք կարող ամփոփել մեր մտքերը»,- ասաց նա:
Գալյանը նաև տեղեկացրեց, որ Սահմանադրության նոր տեքստի հրապարակման ժամկետները դեռ հայտնի չեն, կհստակեցվեն, բայց դեռ ժամանակ կա, քանի որ հանրաքվեի ժամկետները հայտնի չեն:
«Հանրաքվե նշանակված չէ, ոչնչից չենք ուշանում այս պահին: Մեր մեծագույն ցանկությունն է տալ հանրությանը բավարար ժամանակ՝ ծանոթանալու տեքստին և բավարար ժամանակ, տեքստին ծանոթ լինելով՝ կատարել ճիշտ ընտրություն»,- ասաց նա:
Սրբուհի Գալյանը չբացառեց, որ Սահմանադրության նոր տեքստը կհրապարակվի մինչև խորհրդարանական ընտրություն:
«Այն տեքստը, որը կհրապարակվի, ստատիկ չի լինելու, այսինքն՝ անփոփոխելի չի լինելու, դա լինելու է նախագիծ, հետևաբար չի բացառվում, որ դրանում կկատարվեն մի շարք փոփոխություններ այն բանից հետո, երբ ստացվեն քաղաքացիների, ոլորտի մասնագետների համապատասխան կարծիքները»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ Սահմանադրությունն ընդունել-չընդունելու հարցը որոշելու է ժողովուրդը: