ԱԺ հանձնաժողովում ընդունել են ՍԴ պաշտոնյաներին հավելավճարներ տալու նախագիծը

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի հանձնաժողը դրական եզրակացություն է տվել Սահմանադրական դատարանի պաշտոնյաներին հավելավճարներ տալու նախագծին։

Նախագիծը ներկայացնող ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը մանրամասնել է, որ դատավորները նախագծի ընդունման դեպքում աշխատանքային ստաժից կախված հավելավճար կստանան։

Գալյանը նշել է, որ ՍԴ նախագահը, փոխնախագահը և 7 դատավոր պաշտոնավարման երկրորդ տարում կստանան 20%-ի չափով, երրորդ տարում՝ 35%-ի չափով, չորրորդ տարվանից սկսած՝ յուրաքանչյուր հաջորդ տարում՝ նախորդ տարվա համար նախատեսված հավելավճարից 10% ավելի չափով հավելավճար:

Գալյանը նշել է, որ հավելավճարի հաշվարկի ժամանակ հաշվի կառնվեն Սահմանադրական դատարանի դատավորների՝ օրենքն ուժի մեջ մտնելու պահին ունեցած աշխատանքային բոլոր տարիները։

Արդարադատության նախարարը հավելել է, որ նախագծի ընդունման դեպքում վճարվելիք հավելավճարների համար 2026-ի բյուջեից կպահանջվի շուրջ 46 մլն 775 դրամ։

Նախարարի խոսքով՝ համակարգի ներդրումը նպատակ ունի ապահովել սահմանադրական արդարադատություն իրականացնող մարմնի լիարժեք անկախությունը, նվազեցնել դատավորների նկատմամբ արտաքին ազդեցությունների հնարավորությունը։

Գալյանն ընդգծել է, որ օրենքի անցումային դրույթի ուժով քննարկվող հավելավճարի հաշվարկման համար հաշվի են առնվելու օրենքն ուժի մեջ մտնելու պահի դրությամբ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում աշխատած լրիվ տարիները:

Leave a Comment