18 մարտի 2026 – 13:43 AMT
PanARMENIAN.Net – Նոր Սահմանադրության տեքստում ներածությունը չկա, իսկ Անկախության հռչակագրին հղումը ներածության մեջ էր, հայտարարել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:
Նա այդպես է պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք Նոր Սահմանադրության տեքստում Անկախության հռչակագրի մասին հղում լինելու է, թե ոչ, հայտնում է Sputnik Արմենիան:
«Դեռ չենք ամբողջացրել․․․ Իսկ ինչո՞ւ է պարտադիր աշխատանքային քննարկումներում ունենալ ամբողջական տեքստ։ Թող տպավորություն չստեղծվի, թե խուսափում ենք ներկայացնել՝ ինչ է այս պահին ամփոփված ներածության շրջանակներում։ Սահմանադրության տեքստը նախագծի տեսքով լինելու է հրապարակային, այդ թվում՝ հրապարակային է լինելու ներածությունը»,- ասել է Գալյանը։
Նա նշել է, որ այս պահին քննարկումները շարունակվում են ՔՊ վարչությունում և խմբակցությունում։
Ըստ նրա՝ Սահմանադրության նախագծի տեքստը հնարավոր է հրապարակվի մինչև ընտրությունները, հայտնում է Radar Armenia-ն:
«Մենք հրապարակելու ենք տեքստը, և այդ ժամանակ ակնհայտ կլինի՝ ինչ դրույթներ են շարունակելու մնալ և ինչ դրույթներ այլևս չեն լինի: Մենք ինտենսիվ ենք աշխատում, որ հրապարակումը լինի օր առաջ։ Ես կարծում եմ՝ Սահմանադրության տեքստը կհրապարակվի մինչև ընտրություններ»,- նշել է նախարարը։
Խոսելով Անկախության հռչակագրի մասին՝ Սրբուհի Գալյանը ընդգծել է, որ այն պատմական փաստաթուղթ է։
«Այն ոչ թե անցյալին, այլ ապագային միտված փաստաթուղթ է։ Չնայած պատմական փաստաթուղթ է և իրավական վեճ կա դրա նորմատիվային լինելու հետ կապված, այն պարունակում է մի շարք հիմնարար սկզբունքներ, որոնք դրված են Սահմանադրության հիմքում։ Եվ այդ սկզբունքներով առաջնորդվելով՝ Սահմանադրությունը պետք է նայի դեպի ապագա և շեշտադրի պետության շարունակականությունը՝ խաղաղ, անվտանգ պետություն ապագա սերունդներին տալու առաքելություն։ Այս հիմնական գաղափարներն է շեշտադրելու Սահմանադրությունը»,-ասել է նա:
Գալյանը նաև նշել է, որ ներկայացվող տեքստը վերջնական տարբերակ չի լինելու, այլ նախագիծ, որը կարող է փոփոխվել քաղաքացիներից և ոլորտի մասնագետներից ստացվող առաջարկների հիման վրա։
Գալյանը ընդգծել է, որ Սահմանադրությունն ընդունելու կամ չընդունելու վերջնական որոշումը կայացնելու է ժողովուրդը։
2025 թվականի մարտի վերջին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները նախատեսել են 2027 թվականին անցկացնել նոր Սահմանադրության ընդունման հանրաքվե։ Միաժամանակ նա նշել է, որ իր թիմում քննարկվել է նաև 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին զուգահեռ հանրաքվե անցկացնելու հնարավորությունը։ Ավել․ի ուշ նա հայտարարել է, որ նոր Սահմանադրության մեջ չպետք է լինի հղում Անկախության հռչակագրին։
Ադրբեջանը պնդում է, որ ՀՀ-ն փոփոխություններ կատարի Սահմանադրությունում՝ պատճառաբանելով, թե այնտեղ առկա են Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության հետ միավորելու կոչեր։