18 մարտի 2026 – 11:21 AMT
PanARMENIAN.Net – Պրոբացիայի ծառայությունն այդպես էլ դիրքորոշում չի տրամարդել, որ տնային կալանքի տակ գտնվող գործարար Սամվել Կարապետյանը կարող է տեսաուղերձներ հրապարակել, հայտնել է փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում:
Նա հիշեցրել է, որ դատարանը մեկ ամսով երկարաձգել է Սամվել Կարապետյանի տնային կալանքը և նշել, որ դատական որոշումը չի բխում իրավունքից ու օրենքից։
«Ստացանք դատարանի որոշումը Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի (տնային) մեկ ամսով երկարաձգելու վերաբերյալ: Դատական ակտը որևէ կերպ չի բխում իրավունքից և օրենքից ու շատ սեղմ ժամկենտրում բողոքարկվելու է: Դատական նիստի ընթացքում, նույնիսկ հղում տալով Գործադիր իշխանության ղեկավարի հրապարակավ խոսքին, խնդրեցի, որ դատարանը ուղիղ արձանագրի տեսաուղերձների հրապարակման, կամ Ֆեյսբուքյան ուղիղ եթերի թույլատրելիությունը:
Դատարանի դիրքորոշումից հետևում է, որ բոլոր այն պաշտոնատար անձինք, որոնք պնդում էին, որ Սամվել Կարապետյանի կողմից տեսաուղերձներ հրապարակելու սահմանափակում չկա՝ ուղիղ ստում էին: Իհարկե այս վարքագիծը նորություն չէ: Ցավով եմ արձանագրում այս ամենը:
Դատարանն ակնհայտ ոչ իրավաչափ դատական ակտով արձանագրել է, որ այդ հարցով թույլտվություն տրամադրող մարմինը քննիչն է(այն նույն Քննչականը, որը մեր դիմումները մերժել էր): Դրա մասին խոսում ենք դեռևս 2026 թվականի փետրվարի 12-ից և հենց վաղը կրկին կդիմեմ Քննիչին:
Միաժամանակ նման, մեղմ ասած, անհարիր և տգեղ մանիպուլյացիաները մեկ նպատակ ունեին` քաղաքական հետապնդման ինտենսիվացման, ուրիշ ոչինչ:
Ցանկանում եմ բացահայտել նաև, որ Պրոբացիայի ծառայությունն այդպես էլ ինձ չտրամադրեց դիրքորոշում, որ Սամվել Կարապետյանը կարող է տեսաուղերձներ հրապարակել: Ի դեպ, Դատախազությունն օժտված է բացառիկ լիազորությամբ՝ վերացնելու դատարանի կիրառած խափանման միջոցը, ավելին՝ կարող է ընդհանրապես դադարեցնել այս ապօրինի քաղաքական հետապնդումը:
Իրավունքը պետք է գերակայի: Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին…»,-ասվում է գրառման մեջ:
Կարապետյանը կալանավորվել է 2025 թվականի հունիսի 18-ին, և հետագայում դատարանի որոշումներով կալանքի ժամկետը մի քանի անգամ երկարացվել է։ Դեկտեմբերի 30-ին դատարանը բավարարել է պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությունը՝ կալանքը փոխարինելով տնային կալանքով և գրավով։
Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը տապալելու հրապարակային կոչեր հնչեցնելու համար։ Հոկտեմբերի 13-ին Քննչական կոմիտեն հայտնել է, որ Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է, և այն լրացվել է նաև Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը)։ Կարապետյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։