ՄԻՏՔ.am – Պարոն Խզմալյան, ինչ է կատարվում Սահմանադրական դատարանում։ Իշխանության գալուց հետո Փաշինյանը պայքարում էր Հրայր Թովմասյանի դեմ, որովհետև նա նախկին ՀՀԿ-ական է, միայն 8 տարի անց հնարավոր դարձավ ըստ քրեական գործի դատավճռի նրան հեռացնել ՍԴ-ից։ Սակայն հիմա նա փոխարինվում է ՔՊ կուսակցական, թեև անդամակցությունը սառեցրած, ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանով։ Ինչ է ստացվում, այն, ինչ չէր կարելի նախկին ՀՀԿ-ականին, կարելի է թարմ նախկին ՔՊ-ականին:
Տիգրան Խզմալյան․ – Ժողովրդավարական պետության հիմնաքարն է՝ գործադիր, օրենսդիր եւ հատկապես դատական իշխանությունների բաժանումը եւ անկախությունը։
Հայաստանը ե՛ւ նախորդ տասնամյակներում ե՛ւ այժմ ձգտում է կրկնօրինակել գաղութարար Ռսաստանի բռնապետական քաղաքական կառուցվածքը։
Փաշինյանն ակնհայտորեն վերարտադրեց եւ շահագործում է բացառիկ անձնական իշխանությանը ենթարկվող համարյա ֆեոդալական միապետության համակարգը, որը ձեւավորվում էր Տեր-Պետրոսյանից մինչեւ Քոչարյան ու Սարգսյան։
Տարբերությունն այն է, որ չբավարարվելով դատաիրավական համակարգը իրեն ենթարկելով, վարչապետ Փաշինյանը հատուկ նպատակ է դրել «ընտելացնելու» նաեւ Սահմանադրական դատարանը, քանի որ նրա իսկ խոսքերով, նա պատրաստվում է իրականացնել «սահմանադրական հեղափոխություն»՝ հեռացնելով Հիմնական օրենքից Անկախության հռչակագիրը եւ կատարել Ալիեւի եւ Էրդողանի պահանջները հայոց օրենսդրության եւ պետական կառուցվածքի վերաբերյալ։
Այդ նպատակով Փաշինյանին անհրաժեշտ են հնազանդ կատարողներ, հատկապես նրա գլխավորած «Քաղաքացիական պայմանագրի» շարքերից։