Հայաստանում քննարկվել է նախադպրոցական հաստատություններ երեխաների ընդունելության տարիքային շեմը նվազեցնելու մասին նախագիծը
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի․/Նովոստի-Արմենիա/․ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նախօրեին քննարկվել է նախադպրոցական հաստատություններ ընդունվելու տարիքային շեմը իջեցնելու մասին օրինագիծը։
Ինչպես նշել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխությունը ԱԺ համապատասխան մշտական հանձնաժողովի նիստում առաջին ընթերցմամբ ներկայացնելիս, առաջարկվում են երկու տարիքային խմբեր։
Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ այս համատեքստում առաջարկվում է նախակրթարաններ նախատեսել ոչ միայն 5, այլև 4-6 տարեկանների համար։
«Մասնավորապես, եթե բնակավայրում առկա է միայն դպրոց, որի շրջանակում նաև նախակրթարանն է գործում, ապա հնարավոր կլինի երեխաների ընդգրկումն ապահովել ավելի վաղ տարիքից։ Մյուս կողմից՝ քաղաքային բնակավայրերում ևս հաճախ մանկապարտեզները ծանրաբեռնված են, և ոչ բոլոր երեխաներն են կարողանում ընդգրկվել համակարգում։ Առաջարկվող փոփոխությամբ նման երեխաները հնարավորություն կունենան ավելի վաղ ընդգրկվել նախադպրոցական կրթության մեջ, պատրաստվել դպրոցին և սոցիալականացվել»,- նշել է ԿԳՄՍ նախարարը։
Ընդհանուր կանոնով նախակրթարանները նախատեսվում են 4-6 տարեկանների համար, իսկ այն բնակավայրերում, որտեղ նախակրթարանը միակ նախադպրոցական ծառայությունն է, հնարավոր կլինի կազմակերպել կրթություն 3-6 տարեկան երեխաների համար։
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին՝ առաջարկելով այն ներառել լիագումար նիստերի օրակարգում։