Ռոբերտ Քոչարյանը մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին՝ գլխավորելով «Հայաստան» դաշինքը։ Խոսքը 2026 թ. ընտրությունների մասին է։ Սա ընդգծում ենք, որովհետև շատերի մոտ այս նախադասությունը կարող է «դեժա վյու» հիշեցնել. Քոչարյանը «Հայաստան» անունով դաշինք գլխավորել էր նաև 2021-ի ընտրություններում։ Նույն անունով դաշինք կազմել ու գլխավորում է նաև հիմա՝ հինգ տարի անց։
Միակ տարբերությունն այն է, որ 5 տարում փոխվել է ՀՅԴ-ի դաշինքային գործընկերը. «Վերածնվող Հայաստան» կուսակցության փոխարեն ինչ-որ նոր ուժ է՝ «Առաջ» անունով։ Մի փոքր էլ փոխվել էր նրա բառապաշարը. իհարկե, կրկին իրեն հատուկ ոճով մի քանի արտահայտություն արեց՝ «թայֆա», «պապայիս արև մոդել», «երկիրը տրենաժոր չէ», բայց եթե հիշենք Քոչարյանի նախկին արտահայտությունները, կարող են հաճելիորեն արձագանքել։ Առաջընթացն ակնհայտ է։
Քոչարյանն այս անգամ էլ էր խոստանում հաղթել։ Այո, այդպես համեստ՝ ոչ թե «կըռել», ոչ թե «մինչև քոքը մաշեցնել», այլ՝ հաղթել։
«Տրամադրված ենք վճռական, մեր նպատակը հաղթանակն է»,- ասել է նա՝ վստահեցնելով, թե այս իշխանությունը պարտվելու է։
Բայց եթե հիշում եք, մեկ անգամ արդեն նա նման խոստում տվել է 5 տարի առաջ։ Բայց այդ 5 տարում «մինչև քոքը մաշվեց» հենց իր գլխավորած ուժը, երբ գործընկեր կուսակցությունը կարճ ժամանակ անց հեռացավ։ Հիմա, իհարկե, նորն են գտել, կրկին դաշինք կազմել ու նորից խոստանում է։
«Ես նրանց հետ պայքարի մեջ եմ մտել հենց իշխանության իրենց գալու առաջին օրերից։ Եվ չեմ հանգստանալու այնքան ժամանակ, մինչև նրանք չհեռացվեն։ Ի դեպ, սրանով էլ եմ տարբերվում այլ վարչապետի թեկնածուներից»,- ասել է Քոչարյանը։
Այս հայտարարությունն էլ պատահական չէ. երկար ժամանակ Սերժ Սարգսյանի թիմը Քոչարյանին ու նրա շրջապատին մեղադրել է գործող իշխանությանը բերելու հարցում ակտիվ դերակատարություն ունենալու մեջ։ Հիշում եք՝ վերջին երկու-երեք տարում այս թեմայով նրանց փոխադարձ գզվռտոցները, մեղադրանքները։ Հիմա Քոչարյանը փորձում է հակառակը համոզել։ Բայց այս ճանապարհին մի անհարմար բան է ստացվել. երբ ՔՊ-ն 2018 թ. եկավ իշխանության, կոալիցիա կազմեց ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի հետ։
Հիմա Քոչարյանը, հայտարարելով, որ իշխանության հետ պայքարի մեջ է մտել առաջին օրերից, ստացվում է՝ ինքը սկզբում պայքարել է նաև ՀՅԴ-ի հետ, որը մի քանի ամիս շարունակ կոալիցիայի կազմում էր, իսկ հիմա Քոչարյանի դաշնակիցն է։
Մեկ այլ ուշագրավ փաստ էլ. Քոչարյանը հայտարարել է, թե չի հանգստանա, մինչև իշխանությունը չհեռացվի։ Իսկ միգուցե նա ավելի ազնիվ գտնվեր ու ասեր, որ չի հանգստանա այնքան ժամանակ, մինչև իշխանության չվերադառնա։ Այլապես, այս անգամ նա ոչ թե կառաջադրվեր (առավել ևս, երբ ձախողել է իշխանափոխության խոստումը), այլ՝ կգնար ընդդիմադիր դաշտում լայն համախմբման՝ աջակցելով մեծ միավորմանը։ Նաև՝ ականջալուր կլիներ տարբեր վերլուծություններին, որ իր գործոնը էապես նպաստում է գործող իշխանության հաղթանակին. անգամ իրենք՝ իշխանություններն են ասել, որ Քոչարյանի նման ընդդիմադիրն իրենց համար նվեր է։ Բայց նա կամ քաղաքականությունը շփոթել է օլիմպիական խաղերի հետ, որտեղ կարևորը ոչ թե արդյունքն է, այլ՝ մասնակցությունը։ Կամ էլ մտել է համապատասխան խաղի մեջ՝ լավ իմանալով, թե ինչ է անում։
Ու ընդհանրապես, դժվար է պատկերացնել, որ Քոչարյանը կարող է համակերպվել իշխանություն չունենալու մտքի հետ։ Չէ՞ որ 2008-ին նախագահական պաշտոնը Սերժ Սարգսյանին փոխանցելուց առաջ ինքն էր հարցազրույցներից մեկում ասել՝ չի պատրաստվում դառնալ հանրապետության ամենաերիտասարդ թոշակառուն։
Ի դեպ, Քոչարյանը նաև խոստացել է տարեկան ստեղծել 35-40 հազար նոր աշխատատեղ. «Ես խոստումների մեջ շատ զուսպ եմ»,- հավելել է նա։
Այստեղ տեղին է հիշեցնել, թե ինչպես էր նա նախագահության օրոք խոստացել մեկ տարում 40 հազար աշխատատեղ ստեղծել, և ինչպես էին տարեվերջին այդ թվերը պարզապես «նկարել», երբ վաղուց չգործող գործարաններում մարդկանց աշխատանքի էին ընդունել ու մի քանի շաբաթ հետո ուղարկել անժամկետ հարկադիր արձակուրդ, ինչպես էին մի գործարանը երկու մասի բաժանել և «նոր ստեղծված» գործարանի աշխատակիցներին վերագրանցելով՝ «նոր աշխատատեղ» ներկայացրել ու այդպես շարունակ։ Այնպես որ, քոչարյանկաան վիճակագրական մանիպուլյացիաները դեռ չեն մոռացվել։
Եթե Քոչարյանի հույսը մարդկանց կարճ հիշողությունն է, ապա մեծ հիասթափություն է սպասվում։
