«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի տնային կալանքը մեկ ամսով երկարաձգելու որոշումը շատ սեղմ ժամկենտրում բողոքարկվելու է, հայտնել է պաշտպան Արամ Վարդևանյանը։
Նա տեղեկացրել է, որ Կարապետյանի ապօրինի կալանքի վերաբերյալ դատարանի որոշումն այսօր են ստացել:
Ըստ պաշտպանի՝ դատական ակտը «չի բխում իրավունքի և օրենքի տառից», ինչի վառ ապացույցը տեսաուղերձների և հանրային հաղորդակցության անհիմն արգելքն է: Վարդևանյանը շեշտադրել է, որ օրենքը նման սահմանափակման հիմքեր չի նախատեսում։
«Դատական նիստի ընթացքում, նույնիսկ հղում տալով Գործադիր իշխանության ղեկավարի հրապարակավ խոսքին, խնդրեցի, որ Դատարանը ուղիղ արձանագրի տեսաուղերձների հրապարակման, կամ Ֆեյսբուքյան ուղիղ եթերի թույլատրելիությունը: Դատարանի դիրքորոշումից հետևում է, որ բոլոր այն պաշտոնատար անձինք, որոնք պնդում էին, որ Սամվել Կարապետյանի կողմից տեսաուղերձներ հրապարակելու սահմանափակում չկա՝ ուղիղ ստում էին»,- գրել է Վարդևանյանը Ֆեյսբուքում:
Փաստաբանի պնդմամբ՝ նման վարքագիծն արդեն օրինաչափություն է դարձել։ Դատարանն իր որոշմամբ հարցի լուծումը վերապահել է նախաքննական մարմնին, սակայն Քննչական կոմիտեն նախկինում մի քանի անգամ արդեն մերժել է պաշտպանական կողմի համապատասխան դիմումները։ Այդուհանդերձ, Վարդևանյանը հայտարարել է վաղը քննիչին կրկին դիմելու մտադրության մասին։
«Միաժամանակ նման, մեղմ ասած, անհարիր և տգեղ մանիպուլյացիաները մեկ նպատակ ունեին` քաղաքական հետապնդման ինտենսիվացման, ուրիշ ոչինչ: Ցանկանում եմ բացահայտել նաև, որ Պրոբացիայի ծառայությունն այդպես էլ ինձ չտրամադրեց դիրքորոշում, որ Սամվել Կարապետյանը կարող է տեսաուղերձներ հրապարակել: Ի դեպ, Դատախազությունն օժտված է բացառիկ լիազորությամբ՝ վերացնելու Դատարանի կիրառած խափանման միջոցը, ավելին՝ կարող է ընդհանրապես դադարեցնել այս ապօրինի քաղաքական հետապնդումը», – շեշտել է նա:
Կարապետյանին կալանավորել էին 2025-ի հունիսին՝ եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո։ Ավելի քան վեց ամիս անազատության մեջ անցկացնելուց հետո՝ դեկտեմբերի 30-ից, նրա նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել տնային կալանքը և գրավը։ Դատարանը մարտի 14-ին ևս մեկ ամսով երկարաձգել էր նրա տնային կալանքը:
Նա դրանից ավելի վաղ՝ փետրվարի 11-ին, միաձայն ընտրվել էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ ընտրություններում քաղաքական ուժի վարչապետի թեկնածուն է:
