Դուք ո՞նց եք պատկերացնում, որ իշխանության գա նոր մարդ ու մի տարի հետո կարողանա փրկե՞լ ամբողջ վիճակը. չի ստացվի. Զարեհ Սինանյան

Վերջին տարիների ընթացքում վերջապես պետությունը կայանում է, սկսում են կայանալ համակարգեր, առանց որի պետություն չկա, այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Սփյուռքի գործերի հանձնակատար Զարեհ Սինանյանը։

Նա շեշտեց՝ վերջին 8 տարիների ընթացքում պետական բյուջեն գրեթե եռապատկվել է, վերջապես սկսել են ձևավորվել համակարգեր, կառույցներ, առանց որոնց պետություն չի լինում։

Դիտարկմանը, որ ՔՊ-ն արդեն 8 տարի է իշխանության է, սակայն շարունակում է ամեն ինչի համար մեղադրել նախկիններին, Սինանյանն արձագանքեց.

«Եթե դու չես զարգացնում տնտեսությունը , եթե դու այնպես ես ավերում երկիրը, որ միլիոնից ավելի մարդ հեռանում է երկրից, եթե դու զրկվում ես արդյունաբերական ամբողջ բազայից, եթե կրթական համալիրը համակարգդ իջնում է պլինտուսից ավելի ցածր, եթե դու չես ստեղծում համապատասխան սպայական կազմ, եթե քո բանակը լինում է վատ հանդերձավորված, վատ զինված, վատ կրթված, ինչի՞ մասին է խոսքը։

Այսինքն՝  դուք ո՞նց եք պատկերացնում, որ իշխանություն է գալիս նոր մարդ ու մի տարի հետո կարողանում է փրկե՞լ ամբողջ վիճակը։ Չի ստացվի»։

Հիշեցմանը, որ ինքը Քոչարյանի կառավարման օրոք Հայաստանում չի ապրել, հետևաբար ինչպե՞ս կարող է շատ վստահ պնդել, որ այն ժամանակ ամեն ինչ վատ էր, Սփյուռքի հանձնակատարը համաձայնեց՝ նշելով, որ 32 տարիների ընթացքում ինքը Հայաստանում չի եղել, ԱՄՆ-ում է մեծացել, կրթություն ստացել, աշխատել, նաև քաղաքական գործունեությամբ  զբաղվել, սակայն այդ ընթացքում ամառները հաճախ անցկացրել է Հայաստանում։

«Ես 93 թվականին՝ դեռ առաջին պատերազմի ժամանակ, եկել եմ, Հայաստանում եմ աշխատել, որպեսզի իմ ժողովրդի հետ լինեմ։ 1995 թվականին եկել եմ և կամավորական սկզբունքներով աշխատել եմ առաջին նախագահի աշխատակազմում. Ժիրայր Լիպարիտյանի օգնականն եմ եղել։

Դրանից հետո 1997 թվականին եմ եկել, ժամանակ եմ անցկացրել, դրանից հետո միշտ ակտիվ եմ եղել, կապված եմ եղել Հայաստանի հետ։ Եթե ձեզ թվում է, որ չեմ եղել, դա նշանակում է, որ չեմ տեսել, թե ինչ է տեղի ունենում, չեմ տեսել, թե աչքիս առաջ ոնց է երկիրը դեպի անդունդ գնում, չի նշանակում, որ դա ճիշտ է»,- ասաց Սինանյանը։

Leave a Comment