17 մարտի 2026 – 15:22 AMT
PanARMENIAN.Net – Ապրիլի 1–ից ԱՊՊԱ համակարգում կբարձրանան հատուցման սահմանաչափերը։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վաղինակ Եղիազարյանը։
Նրա խոսքով՝ որոշման հիմքում դրվել է ԱՊՊԱ համակարգի զարգացման ռազմավարությունը, որով նախատեսվել է իրականացնել հաճախորդակենտրոն քայլեր։ Նոր կարգավորմամբ գույքային վնասների դեպքում մեկ անձի համար նախատեսված 1,800,000 դրամի փոխարեն սահմանաչափը բարձրացվել է մինչև 2, 500,000 դրամ։ Առողջությանը և կյանքին պատճառված վնասների դեպքում 3,300,000 դրամի փոխարեն այն սահմանվել է 3,500,000 դրամ, հայտնում է Sputnik Արմենիան:
Եղիազարյանը նշել է, որ ճանապարհատրանսպորտային պատահարների ժամանակ ծախսերը հաճախ գերազանցել են նախկին սահմանաչափերը, ինչի հետևանքով քաղաքացիների վրա լրացուցիչ ֆինանսական բեռ է առաջացել։ Նրա խոսքով՝ նոր սահմանաչափերը հնարավորություն կտան զգալիորեն ավելի մեծ չափով ծածկել պատճառված վնասները և նվազեցնել քաղաքացիների անձնական ծախսերը։
«Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ այժմ` երբ կա փոխհատուցման վերին սահմանաչափ, որոշ հատուցումներ, երբ այդ սահմանաչափից բարձր են, չեն կատարվում։ Ընդհանուր առմամբ մոտավորապես 94 % վնասների փոխհատուցում է կատարվում։ Օրինակ, եթե սահմանաչափը 1.8 մլն դրամ է, բայց վնասը կազմել է 2.5 մլն դրամ, քաղաքացին 700,000 դրամ պետք է ինքը վճարեր։ Այժմ այդ սահմանաչափի բարձրացումն ի նպաստ քաղաքացու կլինի, չնայած մենք չենք կարող ձգտել 100 % վնասների փոխհատուցման»,–ասել է նա։
Բյուրոյի գործադիր տնօրենի խոսքով՝ փոփոխություններով բարձրացվել են նաև մեկ պատահարի հետևանքով բոլոր տուժածներին վճարվող ընդհանուր գումարների սահմանաչափերը։ Գույքային վնասների դեպքում այն 18 մլն դրամից դարձել է 25 մլն դրամ, իսկ առողջությանը հասցված վնասների համար նախատեսված 33 մլն դրամի սահմանաչափը բարձրացվել է մինչև 35 մլն դրամ։