Առաջարկվում է վերանայել նախակրթարանների տարիքային շեմը ․ նախագիծ

Հայաստանում նախագիծ է շրջանառվում, որով առաջարկվում է վերանայել նախակրթարանների տարիքային շեմը


ԵՐԵՎԱՆ, 17 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանում նախագիծ է շրջանառվում, որով առաջարկվում է վերանայել նախակրթարանների տարիքային շեմը։


Ինչպես ԱԺ–ում նախագծի համապատասխան փաթեթը ներկայացնելիս նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, առաջարկում ենք օրենքում կատարել փոփոխություն, տարիքային շեմը վերանայել և նախակրթարանները նախատեսել ոչ միայն 5, այլ 4 տարեկանների համար։


Օրենսդրական փաթեթով նախատեսվող փոփոխությամբ առաջարկվում է նախակրթարանի տարիքային շեմը նվազեցնել մինչև 4 տարեկան:


Ժաննա Անդրեասյանը նշել է, որ երկու տարիքային շեմ է առաջարկվում. ընդհանուր առմամբ 4-6 տարիքի երեխաների համար սահմանվում է նախակրթարան, իսկ այն բնակավայրերում, որտեղ կա միակ նախադպրոցական ծառայություն, հնարավորություն ընձեռել ապահովելու 3-6 տարեկանների համար նախակրթարանների գործունեությունը: 


Օրենսդրական փաթեթով նախատեսվող հաջորդ փոփոխությունը նախադպրոցական, հանրակրթության և մասնագիտական կրթության բնագավառներում գործող հաստատությունների ղեկավարման համար հավաստագրման գործընթացի միասնականացումն է: 


«Կրթության օրենքում իրականացրել ենք համապատասխան փոփոխություններ, որոնք միասնական ձևվ են սահմանում հավաստագրման դիմելու համար անձին ներկայացվող պահանջները, ինչպես նաև հավաստագրի դադարեցման դեպքերը և ընդհանուր մոտեցումները», – նշեց Անդրեասյանը։ 


Նախարարի խոսքով, առաջարկվում է նախադպրոցական, հանրակրթության և մասնագիտական կրթության բնագավառների օրենքներում հավաստագրման պահանջները վերանայել և հղում կատարել «Կրթության մասին» ՀՀ օրենքի 40.1-ի հոդվածին, որով սահմանվում են միասնական ստանդարտները: 


Նա նշեց, որ դա հնարավորություն կտա միասնական քաղաքականություն վարել և հետագայում հավաստագրման քննության անցկացման ընթացակարգերը մոտեցնել միմյանց: 


Հարցն առաջին ընթերցմամբ քննարկվել է հանձնաժողովի նիստում և ստացել դրական եզրակացություն:

Leave a Comment