Ծառուկյան. Երկրի քաղաքական կյանքը չպետք է դառնա աշխարհքաղաքական բախումների հարթակ

Ծառուկյան. Երկրի քաղաքական կյանքը չպետք է դառնա աշխարհքաղաքական բախումների հարթակ

17 մարտի 2026 – 15:03 AMT

PanARMENIAN.Net – Երկրի քաղաքական կյանքը չպետք է դառնա աշխարհքաղաքական բախումների հարթակ, հայտարարել է ԲՀԿ առաջնորդ, «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը:

Նա ներկայացրել է իր նախընտրական ծրագրի մի շարք հիմնական սկզբունքներ և Հայաստանի ապագայի վերաբերյալ իր տեսլականը՝ նշելով, որ դա բաց և բովանդակալից երկխոսության հրավեր է միջազգային գործընկերներին և Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսին

  1. «Առաջիկա քաղաքական գործընթացներն ու ընտրությունները չեն հանդիսանում աշխարհաքաղաքական ընտրություն ուժային կենտրոնների միջև։ Սա գաղափարների, ծրագրերի և պետության զարգացման մոտեցումների մրցակցություն է, որը պետք է տեղի ունենա սահմանադրական և ժողովրդավարական ընթացակարգերի շրջանակում։ Երկրի քաղաքական կյանքը չպետք է վերածվի աշխարհաքաղաքական դիմակայության հարթակի։
  2. Ներքին բոլոր փոփոխությունները պետք է իրականացվեն սահմանադրական ընթացակարգերի միջոցով։ Մենք համոզված ենք, որ քաղաքական գործընթացների լեգիտիմության և կանխատեսելիության ամրապնդումը պետության կայունության և հասարակական վստահության հիմքն է։
  3. Մոտ ժամանակներում մենք կներկայացնենք արտաքին քաղաքականության մեր հայեցակարգը, որը հստակորեն ցույց կտա, թե ինչպես է Հայաստանը վերականգնելու հավասարակշռությունը, հուսալիությունը և կայունությունը գործընկերների հետ հարաբերություններում։
  4. Մեր արտաքին քաղաքականության ռազմավարության հիմքում դրված է ռազմավարական և կանխատեսելի հավասարակշռության վերականգնման սկզբունքը։ Հայաստանը գործընկերային հարաբերություններ է կառուցելու միջազգային բոլոր հիմնական դերակատարների հետ՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, ԵՄ-ի, Չինաստանի, Հնդկաստանի, ինչպես նաև հարևան պետությունների հետ։ Մեզ համար սա միջազգային հարաբերություններում վստահելիության և կանխատեսելիության ամրապնդման համակարգային ռազմավարություն է։
  5. Հայաստանը պետք է դառնա ներդրումների, ենթակառուցվածքային նախագծերի և նոր հնարավորությունների համար բաց երկիր։ Մենք տեսնում ենք առանձնահատուկ ներուժ տարածաշրջանային տրանսպորտային հանգույցների և հաղորդակցության ուղիների զարգացման մեջ, ինչը կարող է ուժեղացնել Հայաստանի դերը՝ որպես տնտեսական տարածքները կապող օղակի։ Միևնույն ժամանակ անհրաժեշտ է զարգացնել տեխնոլոգիական տնտեսությունը, աջակցել նորարարություններին, թվային ենթակառուցվածքների և նոր ոլորտների զարգացմանը։ Ներդրումները, ենթակառուցվածքային նախագծերը և տեխնոլոգիական զարգացումը ոչ միայն տնտեսական աճ են ապահովում, այլև երկարաժամկետ կայունության և տարածաշրջանային ազդեցության հիմք են։
  6. Միջազգային գործընկերների հետ շարունակական և կառուցողական երկխոսությունը հնարավորություն է տալիս արտաքին քաղաքականությունը, տնտեսական ռազմավարությունը և ինստիտուցիոնալ զարգացումը միավորել մեկ ամբողջական, փոխկապակցված տեսլականի մեջ։
  7. Անվտանգության և խաղաղության հարցը հայ ժողովրդի համար ունի խոր պատմական հիմքեր։ Մեր առաջնահերթ նպատակը երաշխավորված և արդար խաղաղության հաստատումն է։
  8. Հայերն աշխարհի տարբեր երկրներում միշտ կարևոր ներդրում են ունեցել իրենց բնակության երկրների զարգացման մեջ։ Այսօր մենք առաջարկում ենք մոտեցում, որը Սփյուռքի ներուժը դիտարկում է ոչ միայն որպես ռեսուրս, այլ որպես Հայաստանի ռազմավարական խորության ընդլայնման գործոն։ Մենք ծրագրում ենք Սփյուռքի ներգրավումը տնտեսական, տեխնոլոգիական, գիտական և մշակութային նախագծերում, ինչը կամրապնդի Հայաստանի կայունությունը և դերը միջազգային ասպարեզում։ Մեր խնդիրն է ստեղծել ամբողջ աշխարհում ապրող հայերի համագործակցության ժամանակակից ցանցային համակարգ։ Մենք համոզված ենք, որ Հայաստանը կարող է բնական կամուրջ դառնալ տարբեր երկրների և տարածաշրջանների միջև՝ հայ ժողովրդի գլոբալ ներկայությունն օգտագործելով որպես ռազմավարական խորության գործիք»,-ասվում է հայտարարության մեջ:

Ծառուկյանը հավելել է, որ իր թիմում համախմբված են մասնագետներ, որոնք ունեն պետական կառավարման և միջազգային համագործակցության փորձ, պրոֆեսիոնալներ, որոնք կարող են հավասարակշռված որոշումներ ընդունել երկրի զարգացման և ժողովրդի շահերի պաշտպանության համար։

«Մեր նպատակը կայուն, անվտանգ և զարգացող Հայաստան կառուցելն է։ Պետություն, որն ամրապնդում է իր ինստիտուտները, որի արտաքին քաղաքականությունը վերականգնում է ռազմավարական հավասարակշռությունը և լիարժեքորեն բացահայտում իր ժողովրդի ներուժը։ Մենք տեսնում ենք Հայաստանը որպես երկիր, որը կապում է տարածաշրջանները և ստեղծում համագործակցության հնարավորություններ»,-նշել է նա:

Ավելի վաղ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ մասնակցելու է 2026–ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությամբ:

«Դա լինելու է «առաջարկ Հայաստանին»։ Էս վիճակից երկիրը հանելու համար ոչ այդպիսի մարդ կա, ոչ էլ այդպիսի կուսակցություն։ Պետք է համախմբում լինի գաղափարի, ծրագրի շուրջ։ Լինելու է առաջարկ Հայաստանին։ Կարող է մարդը քաղաքականությամբ չզբաղվի, բայց ցանկություն ունենա, որ մեր երեխաները, մեր թոռները այս խեղճացած, պարտված իրավիճակից դուրս գան »,–ասել է նա։

Leave a Comment