«Եղել է իրավիճակ, որը չպետք է լիներ». Ժաննա Անդրեասյան

«Եղել է իրավիճակ, որը չպետք է լիներ». Ժաննա Անդրեասյան

«Ես հարցը բարձրացրել եմ կառավարման մասով: Ես հանդիսանում եմ ոլորտը համակարգող նախարարության պատասխանատու, տեսնում եմ շատ ավելի մանրամասն խնդիրներ, քան դա կարող է տեսնել այլ դիրքում գտնվող անձ: Եթե այլ դիրքից տեսանելի է մեկ խնդիր, ինձ համար տեսանելի է 10 խնդիր»,- ճեպազրույցի ժամանակ ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով հարցին, թե Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ ինչպե՞ս է ներկայացրել տնօրեն Էդիտա Գզոյանի հեռացումը: «Այն, որ մենք շինարարության առումով ունեինք խնդիրներ և այդ խնդիրները կարգավորելու համար մեծ ջանք ենք դրել, դա եղել է թափանցիկ: Ես տիկին Գզոյանին շատ գնահատում եմ որպես գիտնական և գտնում եմ, որ նա իր գիտական գործունեությունը շարունակելու բոլոր հնարավորությունները ունի, այդ թվում՝ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում: Այդ իմաստով կարծում եմ, որ մեր համագործակցությունը սպառված չէ, բայց կառավարումը կոնկրետ օղակ է, ենթադրում է կոնկրետ պատասխանատվություններ, և կառավարչական ոլորտում առկա խնդիրները պետք է լուծվեն»,- նշել է նա:

Դիտարկմանը՝ դուք կառավարումից եք խոսում, բայց Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Գզոյանը գիրք է նվիրել և դա սադրիչ գործողություն է, Անդրեասյանն արձագանքել է. «Որը հանդիսանում է տնօրեն, չէ՞, հետևաբար կառավարման խնդիր է, ճի՞շտ է: Մենք խոսում ենք ղեկավար անձի կողմից կառավարման հարցերի մասին: Ինձ համար հարցը սպառվել է: Եղել է իրավիճակ, որը չպետք է լիներ, և այդ իրավիճակը ունեցել է իր հանգուցալուծումը»:

Ժաննա Անդրեասյանի ճեպազրույցը

Leave a Comment