17 մարտի 2026 – 11:51 AMT
PanARMENIAN.Net – Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ անցկացված խորհրդակցության ընթացքում քննարկվել են տարբեր ոլորտներին վերաբերող միջազգային վարկանիշային զեկույցներում Հայաստանի զբաղեցրած դիրքերը և դրանց բարելավմանն ուղղված հնարավոր միջոցառումները։
Ներկայացվել են տարբեր ուղղություններով արձանագրված ձեռքբերումների մասին մանրամասներ, ինչպես նաև այն ոլորտները, որտեղ դեռևս առկա են բացեր և անհրաժեշտ է լրացուցիչ քայլեր իրականացնել։ Անդրադարձ է կատարվել նաև այն գործողություններին, որոնք կարող են նպաստել բարեփոխումների շարունակական իրականացմանը։
Հանդիպման մասնակիցները կարծիքներ են փոխանակել միջազգային վարկանիշային զեկույցներում Հայաստանի դիրքերի հետագա բարելավման վերաբերյալ՝ ներկայացնելով առաջարկություններ և դիտարկումներ նշված ուղղությամբ առավել արդյունավետ և հետևողական աշխատանք կազմակերպելու համար։
Այս համատեքստում վարչապետը կարևորել է պետական կառավարման համակարգում բարեփոխումների հետևողական իրականացմանը նպաստող մոտիվացիոն մեխանիզմների ներդրումը։ Երկրի ղեկավարը հանձնարարել է շարունակել ինստիտուցիոնալ լուծումների ներդրման շուրջ քննարկումները և ներկայացնել անհրաժեշտ առաջարկություններ։