Պետական դավաճանության շոուն արեցին ու մեղադրյալին ազատեցին •

2025 թվականի ապրիլին մեղադրանք էր առաջադրվել Ազգային արխիվի մի խումբ աշխատակիցների, այդ թվում` արխիվի տնօրենի նախկին տեղակալ Սոնյա Միրզոյանին, որին ազատել էին աշխատանքից եւ տնային կալանք սահմանել։

Հրապարակ թերթը գրել է․ Քննչական կոմիտեից միայն հայտնել էին, որ վարույթը նախաձեռնվել է պետական դավաճանության, նաեւ «օտարերկրյա պետության ներկայացուցչի կողմից ՀՀ ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության եւ արտաքին անվտանգությանն ի վնաս օգտագործելու համար տեղեկություններ հավաքելու դեպքերի առթիվ»` ՀՀ քրօր․ 418-րդ հոդվածի 1-ին մասով (դավաճանություն) եւ 424-րդ հոդվածի 1-ին մասով (լրտեսություն):

Այդ ժամանակ մենք եւ այլ լրատվամիջոցներ գրել էինք, որ մեր արխիվից ադրբեջանցիներին տեղեկություններ են փոխանցվել տարբեր տարիներին Հայաստանում բնակված ադրբեջանցիների քանակի, տեղաբաշխման մասին, որոնք ծառայեցվելու են իրենց շահերին:

Նախաքննությունը տեւել է մեկ տարի եւ արդեն ավարտվել, վարույթն ուղարկվել է դատախազին՝ հաստատման։ Այս քրեական գործում, բացի Սոնյա Միրզոյանից, մեղադրյալի կարգավիճակ ունի նաեւ Անահիտ Քոչարյանը, որին ՔԿ-ն մեղադրանք է առաջադրել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով Ազգային արխիվի փաստաթղթերի թվայնացման եւ էլեկտրոնային շտեմարանի վարման բաժնի պետի պաշտոնը, իր ազդեցությունն օգտագործել է ի վնաս պետական եւ ծառայողական շահերին, իր ծառայողական պարտականությունները պատշաճ չի կատարել, ինչն էլ վնաս է հասցրել կազմակերպության շահերին։

Նախաքննության ընթացքում, մեր տեղեկություններով, փոխվել է Սոնյա Միրզոյանի խափանման միջոցը․ դատարանը նրա տնային կալանքը փոխել է վարչական հսկողությամբ, ինչն ավելի մեղմ խափանման միջոց է, իսկ Անահիտ Քոչարյանի նկատմամբ կիրառվել է «բացակայելու արգելք» խափանման միջոցը։

Ստացվում է, որ «պետական դավաճանության» մեջ մեղադրվող տիկնոջ մեղադրանքն այնքան հիմնազուրկ է եղել, որ դատարանը բավականին մեղմացրել է խափանման միջոցը, հակառակ դեպքում՝ նա կլիներ բանտում, ինչպես մյուս նմանատիպ քրեական գործերի դեպքում է։

Մենք փորձեցինք զրուցել Միրզոյանի պաշտպան Տիգրան Գրիգորյանի հետ, սակայն նա մեր հեռախոսազանգերին չպատասխանեց։

Leave a Comment