ԿԳՄՍ նախարարը հայտնել է կառավարության՝ Ցեղասպանության ինստիտուտի աշխատանքներին չմիջամտելու մասին. ԶԼՄ

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի մի խումբ աշխատակիցների հետ և հավաստիացրել, որ կառավարությունը չի միջամտելու գիտնականների աշխատանքին, գրել է «Հրապարակը»։

Ըստ պարբերականի՝ ՀՑԹԻ-ի աշխատակիցներին նամակով դիմել էին ԿԳՄՍՆ-ին ու Հոգաբարձուների խորհրդին՝ հասկանալու Արցախի բաժնի ճակատագիրը, ինչպես նաև ճշգրտումներ անելու իրենց հետագա գործունեության և ճակատագրի հետ կապված։

Թերթի փոխանցմամբ՝ հանդիպման ժամանակ նախարարն աշխատակիցներին հայտնել է, որ նրանք կարող են առանց սահմանափակումների շարունակել իրենց գիտական գործունեությունը, սակայն պարզաբանումներ չի ներկայացրել Արցախի բաժնի հետագա գործունեության վերաբերյալ։

«Արցախի բաժնի վերաբերյալ էլ հստակ պատասխաններ չեն հնչել, ասվել է միայն՝ ինչպես աշխատում էիք, այնպես էլ շարունակեք աշխատել, ձեր աշխատանքը կապ չունի պետական արարողակարգի հետ»,-գրել է թերթը։

Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանի հրաժարականից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ին հաստատել էր, որ անձամբ է պահանջել նրա հրաժարականը, երբ տեղեկացել է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ փետրվարի 10-ի Ծիծեռնակաբերդ այցի ժամանակ տնօրենը Վենսին Հայոց ցեղասպանության և Արցախի խնդրի մասին գրքեր է նվիրել։

Leave a Comment