Ռուսաստանի ներգրավվածության Հայաստանը «չի կարող Ադրբեջանի հետ խաղաղության հասնել»

Մի քանի օր առաջ քաղաքական փոդքաստի ձևաչափում անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և հարաբերությունների կարգավորման մասին պայմանագրին, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերստին կրկնել է այն միտքը, որ առանց ազդեցիկ երաշխավորության գործընթացը չի կարող արդյունավետ լինել:

Նա քննադատել է Նիկոլ Փաշինյանին և ասել, թե նա երաշխավորի ինստիտուտը մերժում է, քանի որ այդ դեպքում խաղաղությունը չի կապվի իր անվան հետ:

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը, որ փաստացի հինգ տարի առաջ ձևավորել են Ռոբերտ Քոչարյանը և ՀՅԴ-ն, մարտի 16-ին Մարզահամերգային համալիրի դահլիճում բավական ներկայացուցչական միջոցառում է անցկացրել, որպեսզի հանրայնացնի, որ դաշինքը պահպանվում է, նույնն է նաև վարչապետի նրա թեկնածուն:

Այսպիսով, ինչպես և սպասվում էր, Ռոբերտ Քոչարյանը երկրորդ անգամ մերժեց «տեխնոկրատների կառավարություն ձևավորելու» մասին Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկությունը:

Կարելի է վտսհության մեծ չափաբաժնով ենթադրել, որ «Ուժեղ Հայաստանի» վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի շուրջ քաղաքական ազդեցիկ կոնսոլիդացիա չի ձևավորվի, ընտրություններին իր «նոյան տապանով» առանձին կմասնակցի նաև Գագիկ Ծառուկյանը:

Քաղաքական իրադարձությունները, դրանց ժամանակագրությունը պարտադիր ունենում են խորհրդանշական հղում: Այս առումով, երևի, պատահական չէ, որ Ռոբերտ Քոչարյան-Դաշնակցություն դաշինքը նախընտրական հիմնական թեզերը հնչեցրել է մարտի 16-ին:

105 տարի առաջ այդ օրը Մոսկվայում ստորագրվել է ռուս-թուրքական «Բարեկամության և եղբայրության» մասին պայմանագիրը, որով գծվել են Խորհրդային Հայաստանի Թուրքիայի և Ադրբեջանի սահմանները, Նախիջևանը անջատվել է և պրոտեկտորատի կարգավիճակով ճանաչվել Խորհրդային Ադրբեջանի տարածք:

Ավելի վաղ, ինչպես հայտնի է, Ռուսաստանը և անկախ Հայաստանը պայմանավորվել էին զինադադարի և Լեռնային Ղարաբաղի, Զանգեզուրի ու Նախիջևանի վերջնական կարգավիճակի հարցով խաղաղ բանակցություններ սկսելու մասին:

Նման բանակցություններ չեն սկսվել, 1920թ. սեպտեմբերի 26-ին Թուրքիան և բոլշևիկյան Ռուսաստանը Հայաստանին պատերազմ են հայտարարել, որ դեկտեմբերի 2-ին ավարտվել է Ալեքսանդրապոլի կապիտուլյացիոն պայմանագրով:

Հայաստանը ներկայիս տարածքը ժառանգել է Հայկական ԽՍՀ-ից: Եվ երբ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ասում է, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը պետք է երաշխավոր ունենա, անկասկած նկատի է ունենում ԽՍՀՄ իրավահաջորդ Ռուսաստանին:

Ըստ էության, Ռոբերտ Քոչարյանը առաջարկում է հայ-ադրբեջանական գործընթացին ներգրավել նաև Ռուսաստանին: «Երաշխավորության» մասին ասվածը միայն «գեղեցիկ փաթեթավորում» է:

Խորքային իմաստով խոսքն այն մասին է, որ առանց Ռուսաստանի ներգրավվածության Հայաստանը «չի կարող Ադրբեջանի հետ խաղաղության հասնել»:

Եթե մի փոքր էլ «փակագծերը բացենք», ապա կստացվի, որ Քոչարյան – Դաշնակցություն դաշինքը համաձայն է Ռուսաստանի այն նարատիվին, որ Հայաստանի տարածքը «այն չէր լինի, եթե 1920 թվականի դեկտեմբերին իշխանությունը չանցներ բոլշևիկներին»:

Սյունիքի մասին խոսելիս Իլհամ Ալիևը, երևի, նախագահի պաշտոնում հարյուր անգամ ասած կլինի, որ «Զանգեզուրը բոլշևիկմներն են նվիրել Հայաստանին, և դա պատմական ամենամեծ անարդարությունն» է:

Leave a Comment