ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի հետ հնարավոր պատերազմը բնութագրել է որպես «շատ բարձր մակարդակի շախմատային խաղ»՝ նշելով, որ գործ ունի «շատ խելացի խաղացողների» հետ։
«Սա շատ բարձր մակարդակի խաղ է՝ ամենաբարձրը։ Ես գործ ունեմ շատ խելացի մարդկանց հետ։ Նրանք այնտեղ չեն հայտնվում պատահաբար։ Երբ գործ ունես նման մարդկանց հետ, հասկանում ես, թե ում հետ ես գործ ունենում։ Բարձր ինտելեկտ, շատ բարձր IQ»,- ասել է Թրամփը։
Նա նաև հայտարարել է, որ Իրանը, իր խոսքով, այլևս չունի ո՛չ նավատորմ, ո՛չ օդուժ, ո՛չ հրթիռներ, ո՛չ էլ անօդաչու թռչող սարքեր, իսկ երկրի առաջնորդները «ջնջվել են երկրի երեսից»։
Թրամփը կրկնել է իր նախկին պնդումը, որ Իրանը տասնամյակներ շարունակ սպառնալիք է եղել Միացյալ Նահանգների համար, սակայն միայն ինքն է ունեցել բավարար համարձակություն՝ այդ հարցում քայլեր ձեռնարկելու համար։
«Լսեք, 47 տարվա ընթացքում ոչ մի նախագահ չի ցանկացել անել այն, ինչ ես եմ անում, մինչդեռ դա պետք է արվեր շատ ավելի վաղ։ Այդ դեպքում ամեն ինչ շատ ավելի հեշտ կլիներ։ Ոչ մի նախագահ չի ցանկացել դա անել»,- ասել է նա։
Թրամփը նաև նշել է, որ այդ մասին խոսել է նախկին նախագահներից մեկի հետ։
«Բոլոր նախագահները գիտեին այդ մասին։ Ես խոսել եմ նախկին նախագահներից մեկի հետ։ Նա ասաց՝ «Ցավում եմ, որ չեմ արել, ցավում եմ, որ չեմ արել», բայց նրանք դա չարեցին։ Իսկ ես անում եմ»,- շարունակել է նա։
Թրամփը չի հստակեցրել, թե որ նախկին նախագահի հետ է ունեցել այդ խոսակցությունը. «Ես չեմ կարող ասել։ Չեմ ուզում նրան ամոթի մեջ գցել։ Դա շատ վատ կանդրադառնա նրա կարիերայի վրա, թեև նա կարիերա էլ չունի»,- հավելել է նա։
Ավելի ուշ, ըստ AP News-ի, ԱՄՆ չորս նախկին նախագահների՝ Բիլ Քլինթոնի, Ջորջ Բուշ կրտսերի, Բարաք Օբամայի և Ջո Բայդենի ներկայացուցիչները հերքել են, որ վերջին շրջանում շփում են ունեցել Թրամփի հետ։
