Իսրայելը Լիբանանի դեմ ռազմարշավ է սկսել – armeniatoday.am

Իսրայելական բանակն սկսել է սահմանափակ և թիրախային ցամաքային գործողություններ իրականացնել Լիբանանի հարավում՝ ընդդեմ «Հըզբոլլահի» առանցքային հենակետերի, հայտնել են իսրայելական բանակի մամուլի ծառայությունից։

Նշվում է, որ գործողության նպատակն է ամրապնդել պաշտպանության առաջնագիծը և ազատել տարածքը «Հըզբոլլահ» շարժման զինյալներից։ Ըստ Իսրայելի՝ զինյալները վտանգ են ներկայացնում հյուսիսի բնակիչների անվտանգության համար:

Գործողության մեկնարկին նախորդել են հրետանային և օդային հարվածներ:

Ըստ լիբանանյան L’Orient աղբյուրի՝ մարտեր են ընթանում հատկապես Մարջայունի շրջանի Խիամ ռազմավարական գյուղի մոտ: Նույն Լրատվամիջոցի պնդմամբ՝ իսրայելական ռազմաօդային ուժերը կիրակի գիշերվա դրությամբ հարվածներ են հասցրել Լիբանանի հարավի 29 բնակավայրի, այդ թվում՝ Բեյրութի արվարձաններում գտնվող «Հըզբոլլահի» ենթակառուցվածքներին:

Միաժամանակ «Հըզբոլլահը» հայտարարել է իսրայելական դիրքերի և զինվորականների ուղղությամբ մի շարք հարձակումների մասին՝ օգտագործելով հրետանի: Որոշ շրջաններում, ինչպիսիք են Անսար և Դուեյր բնակավայրերը։ Իշխանությունները բնակիչներին կոչ են արել լքել իրենց տները:

Չնայած ռազմական գործողությունների ինտենսիվացմանը, Yeni Shafaq լրատվամիջոցը տեղեկացնում է, որ Իսրայելը ձգտում է ընդլայնել իր վերահսկողությունը մինչև Լիտանի գետը՝ սահմանից հետ մղելով «Հեզբոլլահի» ուժերը:

Գործողությունը ծավալվում է տարածաշրջանում լարվածության կտրուկ աճի ֆոնին: Այն սկսվել է այն բանից հետո, երբ փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ հարվածների հետևանքով զոհվեց Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին: Ի պատասխան՝ Իրանը հարվածներ հասցրեց Իսրայելին և տարածաշրջանում ԱՄՆ-ի թիրախների , իսկ նրա դաշնակից «Հեզբոլլահը» մարտի 2-ին հրթիռային հարձակում սկսեց հյուսիսային Իսրայելի ուղղությամբ: Դրանից հետո Իսրայելի ռազմաօդային ուժերը լայնածավալ հարվածներ են հասցնում Լիբանանի տարածքին, իսկ Իսրայելի Գլխավոր շտաբի պետը հայտարարել է լայնածավալ հարձակողական գործողություն սկսելու մասին, որը կարող է տևել «երկար օրեր»:

Leave a Comment