Ավետիսյան․ Փետրվարին Երևանում օդի աղտոտվածության մակարդակը նվազել է

Ավետիսյան․ Փետրվարին Երևանում օդի աղտոտվածության մակարդակը նվազել է

16 մարտի 2026 – 13:41 AMT

PanARMENIAN.NetՓետրվարին Երևանում օդի աղտոտվածության մակարդակն ավելի ցածր է եղել, քան նախորդ տարվա նույն ամսին։ Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարել է բնապահպանության վարչության պետի տեղակալ Գորիկ Ավետիսյանը։

Նրա խոսքով՝ ցուցանիշների նվազումը պայմանավորված է հիմնականում եղանակային և օդերևութաբանական պայմաններով, հայտնում է Sputnik Արմենիան:

«Ցուցանիշների նվազումը պայմանավորված է ընդհանուր եղանակային և օդերևութաբանական պայմաններով։ Սա ցույց է տալիս, որ օդի աղտոտման մարդածին աղբյուրները շատ փոքր դեր ունեն աղտոտվածության մեջ»,- ասել է նա։

Քաղաքապետարանի ներկայացրած տվյալները հիմնվել են շինհրապարակներում տեղադրված օդի մոնիտորինգի 188 սարքերից ստացված տեղեկատվության վրա։

«2026 թվականի փետրվարին PM 2.5-ի արժեքը կազմել է 95, իսկ PM 10-ինը՝ 47։ Այս արժեքները գտնվում են «լավ» կամ «չափավոր» միջակայքերում։ Համեմատության համար ասեմ, որ 2025 թվականի փետրվարին, երբ տեղադրված էր 167 սարք, PM 2.5-ի արժեքը կազմել էր 109, իսկ PM 10-ի համար՝ 51»,- նշել է Ավետիսյանը։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հավելել է, որ նոյեմբերից մինչև մարտ ընկած ժամանակահատվածում օդի որակը հիմնականում կախված է մթնոլորտային շերտի «առաստաղի» բարձրությունից՝ ընդգծելով, որ դա մեծապես պայմանավորված է բնակլիմայական երևույթներով։

«Ըստ էության, եղանակային, օդերևութաբանական պայմաններով ապահովված ցածր ցուցանիշ էր: Փետրվար ամսին կարո՞ղ է բոլոր ավտոմեքենաները կանգնեցին, և Երևանը դարձավ մի մեծ անտառ, շինարարությունը կանգնեց, մենք էլ չէինք շնչում, որ տենց բարելավվեց օդի որակը»,- ասել է Ավետիսյանը, գրում է Panorama.am-ը:

Ավետիսյանն ասել է, որ ներկայացված տվյալները վկայում են, թե օդի աղտոտման գլոբալ պատճառների մեջ մարդածին աղբյուրների դերը համեմատաբար փոքր է։

Ի պատասխան՝ Ավինյանը կրկին նշել է, որ Երևանում և Արարատյան դաշտում օդի աղտոտվածությունը մեծապես պայմանավորված է ինվերսիոն շերտով, որը ձմռանը իջնում է ավելի ցածր բարձրության վրա, իսկ ներկայում բարձրացել է, ինչի արդյունքում աղտոտվածության մակարդակը նվազել է։

«Տտեղումները շատ են եղել, ցիկլոններ և անտիցիկլոններ են եկել Հայաստան, որոնց հետևանքով ձյունն ու անձրևը նստեցրել է մայրաքաղաքի և Արարատյան դաշտի փոշին, իսկ ջերմաստիճանի հաճախակի փոփոխության հետևանքով առաջացած քամիներն էլ քշել են մայրաքաղաքում մեծ ծավալի չկանոնակարգված շինարարության հետևանքով առաջացած փոշին։ Գարնանն էլ ծառերը կտերևակալեն և կնստեցնեն փոշու մի հատվածը, իսկ մյուսը կքշի Սևանա լճից վերսկսված երեկոյան քամիները, ինչը սակայն չի նշանակում, որ աննախադեպ ծավալի շինաշխատանքները մայրաքաղաքի օդը չեն աղտոտել առողջության համար վտանգավորության»,-ասվում է հրապարակման մեջ:

Leave a Comment