16 մարտի 2026 – 12:32 AMT
PanARMENIAN.Net – Սյունիքի նախկին մարզպետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Վահե Հակոբյանը դատական հայց է ներկայացրել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի դեմ։
Հայցը կապված է պատգամավորի ֆեյսբուքյան գրառման հետ, որը հրապարակվել է այն բանից հետո, երբ Դատախազությունն տեղեկություն է հրապարակել Հակոբյանի գույքերի և ֆինանսական միջոցների մասին, հայտնում է Factor.am-ը:
Գրառման մեջ Խաչատրյանը նշել էր. «Ոչ վաղ անցյալում Վահե Հակոբյանը եղել է Սյունիքի մարզպետը, 2018 թվականից հետո էլ՝ «Հայաստան» դաշինքի պատգամավոր, արմատական ընդդիմադիր: 2020 թվականի պատերազմից հետո օգտվելով երկրում ստեղծված վիճակից՝ փորձում էր Սյունիքը դարձնել պետության դեմ պայքարի օջախ և պառակտել երկիրը: Ներկայումս ՀՀ գլխավոր դատախազությունը հայց է ներկայացրել՝ Վ. Հակոբյանից բռնագանձելու՝ 12 անշարժ և շարժական գույք, 20 միլիոն 778 հազար դոլար, ակտիվներ:
Ահա թե ինչու էր Վահե Հակոբյանն արմատական ընդդիմադիր դարձել և կատաղի պայքար մղում պետության դեմ. գիտեր, որ երկրից և ժողովրդից թալանածը հետ պիտի տար, գիտեր, որ պետությունը մեխանիզմներ է ստեղծում, որով բոլոր գողոնները մի օր վերադարձվելու են: Այսօր էլ հանուն գողացածը պահելու միավորվում են տեղական և ոչ տեղական օլիգարխիաների ներկայացուցիչներ, որոնք, մեծ գումարներ ծախսելով, փորձելու են վերջին ճակատամարտը տալ հայոց պետականության դեմ՝ մի վերջին անգամ հույս փայփայելով, որ կարող են մոլորեցնել կամ խաբել հայ ժողովրդին»:
Նշված հրապարակումն է նախկին մարզպետը գնահատել որպես զրպարտություն։ Այդ պատճառով նա դատարանին դիմել է պահանջով՝ պարտավորեցնել Արմեն Խաչատրյանին դատարանի վճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում հրապարակայնորեն հերքել իր մասին ներկայացված և, ըստ հայցվորի, զրպարտություն հանդիսացող տվյալները:
Հակոբյանը նաև պահանջել է, որ եթե դատարանը բավարարի հայցը, ապա ՔՊ պատգամավորն իր ֆեյսբուքյան էջում հրապարակի «Հերքում Վահե Ալբերտի Հակոբյանի վերաբերյալ» վերնագրով տեքստ և այն պահպանի առնվազն մեկ տարի՝ առանց դրանում որևէ այլ գրառում ավելացնելու, բացի հենց հերքման բովանդակությունից։
Բացի հրապարակային հերքումից, նախկին մարզպետը Արմեն Խաչատրյանից պահանջել է նաև մեկ միլիոն դրամ՝ որպես ենթադրյալ զրպարտության հետևանքով պատճառված վնասի փոխհատուցում։
Վահե Հակոբյանի ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող ունեցվածքի շրջանակն սկսվել է Երևանի «Վահագնի» թաղամասից և հասել է մինչև Իսպանիայի Թագավորություն։ Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ հակակոռուպցիոն դատարանն արդեն վարույթ է ընդունել Հակոբյանին և նրա հետ փոխկապակցված անձանց վերաբերող գործը։