«Վեոլիա Ջուրը» կտուգանվի Հրազդան գետն աղտոտելու համար՝ կոյուղաջրերը լցվել են գետը

«Վեոլիա Ջուրը» կտուգանվի Հրազդան գետն աղտոտելու համար՝ կոյուղաջրերը լցվել են գետը

16 մարտի 2026 – 12:06 AMT

PanARMENIAN.Net«Վեոլիա Ջուրը» կտուգանվի Հրազդան գետն աղտոտելու համար: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վարչական վարույթ է հարուցել Shamshyan.comլրատվամիջոցում մարտի 14-ին հրապարակված տեսանյութի հիմքով, որտեղ նշվում էր, որ «Արգել ՀԷԿ»-ի հարակից տարածքով անցնող կոյուղատարից կեղտաջրերը թափվում են Հրազդան գետ։

ԲԸՏՄ-ից հայտնել են, որ պարզվել է, որ մարտի 12-ին Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքի Արգել գյուղի 12-15-րդ փողոցների հատվածում կոյուղու խցանումը վերացնելու աշխատանքների ընթացքում «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատակիցները բացել են Հրազդան գետի վրայով անցնող կոյուղատարի ջրթող փականը, հայտնում է Արմենպրեսը:

Դրա հետևանքով կոյուղաջրերը լցվել են Հրազդան գետ։ Վերանորոգման աշխատանքների ավարտից հետո՝ մարտի 14-ին, ժամը 18։00-ի սահմաններում փականը փակվել է, և կոյուղաջրերի արտահոսքը դեպի գետ դադարեցվել է։

Տեսչական մարմինը նշել է, որ նման գործողությունը, եթե իրականացվել է առանց լիազոր մարմնի տրամադրած ջրօգտագործման թույլտվության, ենթակա է վարչական պատասխանատվության։

Վարչական վարույթն ընթացքի մեջ է:

Leave a Comment