Ղազախստանում անցկացված հանրաքվեի արդյունքներով երկրի նոր սահմանադրությանը կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների 87,18%-ը՝ 7 միլիոն 954 հազար 667 մարդ։ Այս մասին, ըստ տեղական ԶԼՄ-ների, հայտնել է Ղազախստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
Ըստ հանձնաժողովի տվյալների՝ հանրաքվեին մասնակցել է 9 միլիոն 127 հազար 192 մարդ, ինչը կազմում է ընտրելու իրավունք ունեցողների 73,12 %-ը։ Հանրաքվեն անցկացվել է մարտի 15-ին՝ տեղական ժամանակով 07:00-ից մինչև 20:00-ը։
Քվեաթերթիկում քաղաքացիներին առաջարկվել է պատասխանել մեկ հարցի՝ ընդունո՞ւմ են արդյոք Ղազախստանի նոր սահմանադրությունը, որի նախագիծը հրապարակվել էր 2026 թվականի փետրվարի 12-ին։ Ընտրողները կարող էին ընտրել երկու տարբերակից մեկը՝ «Այո, ընդունում եմ» կամ «Ոչ, չեմ ընդունում»։ Փաստաթուղթը քվեարկության է դրվել ամբողջությամբ՝ առանց առանձին հոդվածների կամ գլուխների վերաբերյալ առանձին քվեարկության։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ հանրաքվեին մասնակցելու իրավունք ուներ ավելի քան 12 միլիոն ընտրող։ Քվեարկության ընթացքին հետևել են 359 միջազգային դիտորդներ և 206 օտարերկրյա լրագրողներ։ Արտերկրում գտնվող Ղազախստանի քաղաքացիները քվեարկել են 54 երկրում գործող 71 ընտրատեղամասերում։
Նոր սահմանադրությամբ նախատեսվում է, որ երկրի նախագահը կընտրվի 7 տարվա ժամկետով՝ առանց վերընտրվելու իրավունքի։ Փաստաթղթի ընդունումից հետո գործող խորհրդարանը կդադարեցնի լիազորությունները հուլիսի 1-ից, իսկ նոր՝ մեկպալատ խորհրդարանի ընտրությունները կարող են անցկացվել հուլիսին։
