Բժիշկները մոտ 1 ժամ անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելուց հետո կարողացել են երեխայի սրտի աշխատանքը վերականգնել

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, կեսգիշերից անց «կլինիկական մահ» ախտորոշմամբ Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել տղա երեխա։
Ինչպես հայտնում է կայքը, բժիշկները մոտ 1 ժամ անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելուց հետո կարողացել են երեխայի սրտի աշխատանքը վերականգնել, սակայն երեխան դեռ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։
Դեպքի մասին Արաբկիր բժշկական կենտրոնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ ՆԳՆ ոստիկանները։
Ոստիկանները պարզել են, որ երեխային հիվանդանոց են տեղափոխել Արարատի մարզից, ինչից հետո ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են ոստիկանության Մասիսի բաժին։
Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը 1 տարեկան 2 ամսական Ա. Մ.-ն է և, ըստ օպերատիվ տեղեկությունների, երեխային ծեծի է ենթարկել ծնողներից մեկը։
Դեպքի փաստով ոստիկանության Մասիսի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ ՔԿ-ի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։